Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մոսկովյան հռչակագրով ազդարարված է Ղարաբաղյան կարգավորման ավարտական փուլի սկիզբը»


Նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագրի ամենակարեւոր արդյունքը պետք է համարել այն, որ «նոր ձեւաչափով սահմանված հակամարտող երկու կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, պաշտոնապես իրենց համաձայնությունն են տվել Մադրիդյան առաջարկին, ինչը աննախադեպ իրադարձություն է Ղարաբաղյան կարգավորման ողջ գործընթացում»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Խնդիրն այն է, որ Մինսկի խմբի համանախագահության նախորդ երեք պաշտոնական առաջարկները, այսինքն՝ «Փաթեթային», «Փուլային» եւ «Ընդհանուր պետության» տարբերակները, չեն արժանացել հակամարտող կողմերի միահամուռ հավանությանը եւ այդ պատճառով հանվել օրակարգից։ «Փաթեթային» եւ «Փուլային» տարբերակները մերժվել են Ղարաբաղի, իսկ «Ընդհանուր պետության» տարբերակը՝ Ադրբեջանի կողմից։ Մոսկովյան հռչակագրի տակ դրված Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ, այսպիսով, ազդարարված է Ղարաբաղյան կարգավորման ավարտական փուլի սկիզբը», - պարզաբանել է նա:

Տեր-Պետրոսյանի համոզմամբ` մոսկովյան հռչակագիրը ղարաբաղյան կարգավորման կարեւորագույն զարգացումներից մեկը պետք է դիտել, իսկ «թյուր» տպավորությունը, թե հռչակագիրը ձեւական բնույթ է կրում եւ զուրկ է կոնկրետ բովանդակությունից, «կարող է առաջանալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ծալքերին անծանոթ մարդկանց մոտ». - «Փորձագետների համար հռչակագիրն, ընդհակառակը, չափազանց պերճախոս է, քանի որ նրանում հստակեցված են մի քանի սկզբունքային եւ կոնկրետ պահեր։ Պետք է նկատի ունենալ նաեւ, որ այդ փաստաթուղթն ընդամենը այսբերգի գագաթն է, եւ նրա տակ ընկած է շատ ավելի հանգամանալից մի արձանագրություն, որի բովանդակությունը դժվար չէ գուշակել»։

Մասնավորապես, ըստ առաջին նախագահի, «հռչակագրի առաջին իսկ կետը պարունակում է մի մտահոգիչ ձեւակերպում, որի համաձայն՝ «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»։ Մտահոգիչը, ըստ նրա, «ոչ այնքան «միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին» վերաբերող դիվանագիտական նրբասացությունն է, որքան «դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի» հիշատակումը»։

«Վերջիններիս տակ, անկասկած Ադրբեջանի պահանջով, նկատի են առնված ՄԱԿ ի Գլխավոր Ասամբլեայի 62/243 եւ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1614 բանաձեւերը, որոնցում ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվում հայկական զորքերի անվերապահ դուրսբերումը Ղարաբաղին հարակից ադրբեջանական տարածքներից», - ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Բացի այդ, նրա կարծիքով, հռչակագիրը «վերջնականապես թաղում է ԵԱՀԿ ի 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած որոշումը, որով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչվել էր որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմ». - «Հռչակագրի նախաբանում եւ 4 րդ կետում, որոնցում խոսվում է Ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող ուղղակի երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին, փաստորեն սահմանվում է հակամարտության կողմերի նոր ձեւաչափ։ Իսկ դա նշանակում է, որ ԼՂՀ ն որեւէ դերակատարություն չի ունենալու իր բախտը վճռող բանակցությունների հետագա գործընթացում»։

Հարցին` Ռուսաստանի նախաձեռնությունն արդյոք չի՞ հակասում հոկտեմբերի 17-ի հանրահավաքում իր արտահայտած այն մտքին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ վճռական դեր է խաղալու Արեւմուտքը, Տեր-Պետրոսյանը արձագանքել է. - «Ամենեւին ոչ։ Մոսկովյան հանդիպումը, թեեւ իսկապես շրջադարձային, սակայն կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է։ Այժմ այդ գործընթացը շարունակվում է Եվրոպայում, իսկ ավարտվելու է, ամենայն հավանականությամբ, դեկտեմբեր ամսին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսինքն, թեեւ կարգավորման սկզբնավորման պատիվն առերեւույթ մատուցվել է Ռուսաստանին, սակայն նրա վերջակետը դնելու մենաշնորհը պատկանելու է Արեւմուտքին։ Թե՛ Սարգսյանը, թե՛ Ալիեւը մոսկովյան հանդիպմանը մասնակցել են, եթե ոչ հարկադրաբար, ապա անթաքույց դժկամությամբ, եւ միեւնույն է, թեեւ տարբեր նկատառումներով, նրանք վերջիվերջո նախընտրելու են Արեւմուտքի միջնորդությունը»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, ապա, ըստ առաջին նախագահի, «որքան շատ է ընդգծվում Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը եւ որքան շատ հաճոյախոսություններ են շռայլվում նրա հասցեին, այնքան ավելի խորանում են նրա ներսում առկա տարաձայնությունների մասին կասկածները»։

«Մինսկի խումբը, օգտակար աշխատանքային գործիք լինելով հանդերձ, սոսկ արտաքին քողածածկույթ է՝ միջնորդ երկրների հետապնդած նպատակների դիվանագիտական պատշաճությունն ապահովելու համար», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG