Մատչելիության հղումներ

Այսօր ԱՄՆ-ում նախագահ են ընտրելու


Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներն ընտրելու են երկրի ղեկավարին: Նախագահության եւ փոխնախագահության համար պայքարում են հանրապետականներ Ջոն ՄըքՔեյնն ու Սառա Փեյլինը եւ դեմոկրատներ Բարաք Օբաման ու Ջո Բայդենը:

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններն ուղղակի չեն. քաղաքացին քվեն տալիս է թեկնածուին, բայց, տեխնիկական առումով, փաստորեն, ընտրում է ընտրողին: Ամերիկյան Սահմանադրության հեղինակները ավելի քան երկու դար առաջ ձեւավորել են Ընտրողների կոլեգիան: Այս կառույցն էլ վճռելու է, թե առաջիկա 4 տարում ո՞ւմ հսկողության տակ կլինի Սպիտակ տունը:

Կոլեգիայի ստեղծումը համարում են փոխզիջում, որը 1787 թվականին կայացվել է ընտրությունների ուղղակի եւ միջնորդված տարբերակների ջատագովների միջեւ: Կոլեգիայի առաքելությունն է պաշտպանել մեծ ու փոքր նահանգների հավասարությունը:

Ընտրողների կոլեգիայում յուրաքանչյուր նահանգի պատվիրակների թիվը ճիշտ հավասար է այդ նահանգից ընտրված օրենսդիրների թվին: Ներկայացուցիչների պալատում աշխատում է 435 կոնգրեսական, սենատորների թիվը 100 է: Դրան գումարվում են մայրաքաղաք Վաշինգտոնն ընդգրկող Կոլումբիայի առանձնատարածքի ընտրողները: Առանձնատարածքին հատկացվում է այնքան տեղ, որքան տրվում է ամենանվազ բնակչությամբ նահանգին` տվյալ դեպքում դա 3 ընտրող ունեցող Վայոմինգն է: Արդյունքում, Ընտրողների կոլեգիայի թվակազմը հասնում է 538-ի:

48 նահանգներից յուրաքանչյուրում ընտրողների քվեների մեծամասնությունը շահած թեկնածուն մեծամասնական համակարգով վաստակում է տվյալ նահանգից Ընտրողների կոլեգիայի բոլոր անդամների քվեները, իսկ Նեբրասկայում եւ Մեյնում դա արվում է համամասնական եղանակով:

Կոլեգիայում ընտրությունն արվում է պարզ մեծամասնության մեխանիզմով. հաղթում է նա, ով ստանում է 538 քվեների կեսից ավելին` առնվազն 270 քվե: Կոլեգիայում բուն քվեարկությունը տեղի է ունենում դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթի օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը, այսինքն, այս տարի` դեկտեմբերի 15-ին: Ընդ որում, կոլեգիան երբեք որպես ամբողջական մարմին նիստ չի գումարում. ընտրողները քվեարկում են իրենց նահանգների մայրաքաղաքներում եւ Կոլումբիայի առանձնատարածքում:

Ընտրողների կոլեգիայի արձանագրությունները պաշտոնապես հրապարակվում են հունվարի 6-ին Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համատեղ նիստում, թեպետ եթե որեւէ արտառոց հանգամանք չլինի, ապա գործնականում հաղթողի անունը հայտնի կդառնա արդեն նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան:

Սոսկ տեսականորեն Ընտրողների կոլեգիայում ընտրության օրը կարող են լինել բացականեր, կստացվի ընտրողների զույգ թիվ, եւ թեկնածուները կհավաքեն հավասար քվեներ: Այդ դեպքում, Սահմանադրության համաձայն, հաղթողին որոշում է Ներկայացուցիչների պալատը:

Բացառված չէ, որ այս կամ այն թեկնածուն ստանա շարքային ընտրողների քվեների մեծամասնությունը, սակայն չապահովի մեծամասնություն Ընտրողների կոլեգիայում: Այդպես է եղել 1876, 1888 եւ 2000 թվականներին:

Ընտրողների կոլեգիայի անդամներն ազատ են ընտրության հարցում եւ սոսկ տեսականորեն կարող են բոլոր քվեները տալ այս կամ այն թեկնածուին, բայց գործնականում նման բան հնարավոր չէ, որովհետեւ կոլեգիայի անդամը կատարում է պատվիրակի դեր եւ պաշտպանում է նախագահության այն թեկնածուին, որի օգտին քվեարկել է շարքային ընտրողը:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2009 թվականի հունվարի 20-ին:

Այս ընտրություններում, ըստ վերլուծաբանների, հաղթելու առավել մեծ հնարավորութուններ ունի դեմոկրատ Բարաք Օբաման, ով մի քանի առիթներով ամերիկահայ ընտրողներին հավաստիացրել է, որ հաղթելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայկական լոբբիստական կառույցների փոխանցմամբ` ամերիկահայ ընտրողների մեծ մասը այսօր աջակցելու է Օբամային:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG