Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Փաստահավաք խումբը ձեւավորված է», - փաստում է «Առավոտ»-ը` պարզաբանելով. - «Մարտի 1-ի դեպքերի անկախ եւ անաչառ ուսումնասիրության նպատակով փորձագետների փաստահավաք խումբ ձեւավորելու մասին ՀՀ նախագահի` հոկտեմբերի 23-ին ստորագրած կարգադրության 13-րդ կետի համաձայն` «Խմբի անդամները համարվում են նշանակված, եւ խումբը համարվում է ձեւավորված սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 11-րդ օրը, եթե առաջադրվել է ոչ պակաս, քան խմբի երեք անդամ»: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ փաստահավաք խումբն արդեն ձեւավորված է: Դրանում ընդգրկված հինգ անդամներից երեքն արդեն նշանակված են: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր կողմից փաստահավաք խումբ է գործուղել իր աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին, Հայ ազգային կոնգրեսը` Անդրանիկ Քոչարյանին, «Ժառանգությունը»` Սեդա Սաֆարյանին: Իշխանությունները դեռ թեկնածուների փնտրտուքի մեջ են»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ես հասկացա, որ «հողերը տալու» խնդիրը ամենացավոտն է, որը մեր ազգի միավորման ու պառակտման առիթ է դառնալու: Ոմանք «հողերը տալու» հետ են կապում Հայաստանում իշխանափոխության հնարավորությունը: Մյուսները` իրենց իշխանությունն ամրապնդելու (միջազգային կառույցների անվերապահ աջակցությանն արժանանալու արդյունքում): Մի մասը «հողերը տալը» համարում է անձնական արժանապատվության, իրենց ամենանուրբ հայրենասիրական զգացումների դեմ ուղղված ոտնձգություն: Մյուսները` ղարաբաղցիների ու Ղարաբաղի դեմ այս տարիներին կուտակված «մուռը» հանելու միջոց: Սակայն մի բան փաստ է` բոլորը վախենում են, սպասում են ու անհանգստանում: «Հողերը տալը» մեզանում սպառնում է վերածվել համաշխարհային ջրհեղեղի, Քրիստոսի հայտնության, հոկտեմբերյան հեղաշրջման նման մի աշխարհացունց իրադարձության»:

Նույն առիթով lragir.am-ը մեկնաբանում է. - «Հողերը եւ տարածքները հանձնելու մտահոգության հիմք պետք է լիներ ոչ թե Մոսկվայի հռչակագիրը, այլ ասենք Ղարաբաղում ուռա-պատրիոտական ընտրություններ անցկացնելն ու ընդդիմության եւ այլակարծության վերջին նշույլները վերացնելը, երբ աշխարհում թերեւս միայն երկու երկրում են 88 տոկոս ձայնով նախագահ դառնում` Ադրբեջանում եւ Ղարաբաղում, մեկ էլ գուցե Վենեսուելայում: Հողերը եւ Ղարաբաղը հանձնելու մտահոգության հիմք պետք է լիներ Հայաստանի ներքին կյանքի, հասարակական եւ քաղաքական հարաբերությունների, իշխանության ձեւավորման մեխանիզմը, որ արդեն մոտ մեկուկես տասնամյակ է, ինչ հաջողությամբ աշխատում է Հայաստանում եւ բարեխղճորեն վաճառվում արտասահմանում: Երբ այդ ամենից մտահոգությունն ավելի քիչ է լինում, քան ասենք որեւէ համանախագահի հայտարարությունից, կամ հենց որեւէ ընդունված բանաձեւից ու ստորագրված հռչակագրից, ապա այդ մտահոգության արժեքը կամ ավելի շուտ կշիռը, գրեթե զրո է: Ղարաբաղի հարցը, տարածքների հարցը, Ղարաբաղի անկախությունն ու Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը վճռվում են ոչ թե Մոսկվայում, ոչ թե հռչակագրով, բանաձեւով, կամ որեւէ այլ ձեւով, այլ Հայաստանում եւ Ղարաբաղում կառուցված պետությունների որակով»:

Թեման շարունակում է «Հայոց Աշխարհ»-ին հարցազրույց տված քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հանգիստ շարունակել իր ցույցերը, որովհետեւ ուղղակի չի կարող որեւէ կերպ խանգարել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին... Մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել՝ որեւէ մեկը չի պատրաստվում հայրենիքի տարածքների հաշվին ինչ-որ հարցեր լուծել։ Հեռուստատեսությամբ, ինտերնետով ժամ առ ժամ հետեւում էի նախագահների մոսկովյան հանդիպմանը, եւ իսկապես անհանգստության առիթ չեմ տեսնում։ Բավական էր նայել նախագահների դեմքերին, երբ նրանք ստորագրում էին այդ հռչակագիրը. կարծում եմ, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի դեմքերի արտահայտություններն այդ առումով բավական խոսուն էին»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Մարտի 1-ի հանձնաժողովը փաստորեն կոնկրետ քրեական հանցագործություններ է բացահայտել, հետեւաբար պարտավոր է հետեւողական լինել եւ բացահայտել նաեւ հանցագործներին: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող հանձնաժողովը մի մեծ «բոչկա է գլորում» Աղվան Հովսեփյանի ուղղությամբ: Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նման քայլի դիմում: Պատասխանը շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանը նրան մեղադրում է թուրքամետության եւ Ղարաբաղը ծախելու մեջ, Սերժ Սարգսյանն էլ ստիպված Քոչարյանի դեմ եղած կոմպրոմատներն է թարմացնում մարտի 1-ի գործով: Հասկանալի է չէ՞, որ երբ Արմեն Աշոտյանը «խաչակրաց արշավանք» է սկսում հեռուստաընկերությունների ու վերջիններիս ստվերային եկամուտների դեմ, իրականում թիրախը Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ Ալեքսան Հարությունյանն է, Աղվան Հովսեփյանին հավատարիմ «Շանթ» հեռուստաընկերությունն է, եւ այլն: Ընդ որում, այս ճակատամարտում Ռոբերտ Քոչարյանը հաղթելու որեւէ շանս չունի` հենց թեկուզ միայն այն պատճառով, որ նրա կատարած ոճրագործությունը շատ ավելի առարկայական է, շատ ավելի մեծաթիվ վկաներ ունի եւ շատ ավելի հեշտ է ապացուցել»:

«Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը փաստահավաք խմբի կազմավորման մասին գրում է. - «Ի տարբերություն «Ժառանգության»` ՀՀՇ-ական Կոնգրեսը խմբի աշխատանքներին մասնակցում է «շատ աղմկոտ բացահայտումների հասնելու համար» (Մուսինյանի սահմանումը), եւ դրանով իսկ ակտիվացնելու լեւոնական շարժումը, որն այժմ անկման մեջ է: Արդեն այսօր բոլոր հիմքերը կան պնդելու, որ լեւոնական Կոնգրեսը իր մասնակցությունից կքամի ինքնագովազդի, սեփական շահերի քարոզչության եւ քաղաքական հակառակորդներին սեւացնելու համար ամեն ինչ: Կոնգրեսի գործունեության եւ փողոցային գործողությունների նկատմամբ հասարակական հետաքրքրության անկման ֆոնին մարտի 1-2-ի իրադարձությունների փաստահավաք խումբը այս հանրության համար դեմքը փրկելու վերջին շանսն է»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG