Մատչելիության հղումներ

Սեդա Սաֆարյան. «Միջազգային փորձագետների մասնակցությունը շատ կարեւոր է»


Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծվող փաստահավաք խմբում խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան Սեդա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում շատ կարեւոր համարեց, որ խմբի աշխատանքներին մասնակցեն միջազգային փորձագետներ:

Ըստ «Ժառանգության» ներկայացուցչի` առանց միջազգային փորձագետների մասնակցության Փաստահավաք խումբը ի վիճակի չի լինի բացահայտել, թե ի՞նչ հանգամանքներում սպանվեցին 10 անձինք, քանի որ անկախ փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտություն կա:

«Այս օրերը ցույց տվեցին մեզ, որ որեւէ օբյեկտիվ եզրակացություն` կոնկրետ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ, մեր դատաբժշկական եզրակացություններում չի արտացոլվել», - ասաց Սեդա Սաֆարյանը: - «Ուստի ես հարկ եմ համարում, նախ, այդ մասնագետի ներգրավումը, որովհետեւ մասնագետի հետ քննարկելու բավականին խնդիրներ կան: Ու, ընդ որում, սպանության գործերով շատ կարեւորում եմ եզրակացության անհրաժեշտությունը: Կարծում եմ, միջազգային փորձագետների մասնակցությամբ պիտի նոր փորձաքննություն անցկացվի, պիտի ճշտվի` յուրաքանչյուրը որտեղ է սպանվել»:

Փաստահավաք խմբում «Ժառանգության» ներկայացուցիչը մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու համար շատ կարեւոր է համարում նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հանգամանքը` պարզելու համար, թե, ի վերջո, ո՞ւմ հրամանով են ոստիկանները հատուկ գործողություններ կատարել. - «Դեպքը եղել է հանրապետության նախկին նախագահ Քոչարյանի իշխելու տարիներին, եւ կարծում ենք, որ հարկ կլինի` իր հետ էլ այդ հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանանք»:

Սեդա Սաֆարյանի համոզմամբ` մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն հավաքելու խնդիր կա, քանի որ, ըստ նրա, քրեական գործը ունեցել է մեկ ուղղվածություն. կան բազմաթիվ փաստեր ու նաեւ այդ իրադարձությունների հետ կապված անձինք, որոնք ուղղակի դուրս են մնացել նախաքննական մարմնի ուշադրությունից: Այդ իսկ պատճառով, նա կարեւորում է, մասնավորապես, բարձրաստիճան ոստիկանների հարցաքննությունը:

«Փաստահավաք խմբի այս լիազորություններով հնարավո՞ր է բացահայտել այս բոլոր իրադարձությունները` ե'ւ մարտի 1-ի առավոտյան, ե'ւ սպանությունների», - այս հարցին «Ժառանգության» ներկայացուցիչը արձագանքեց. - «Ես գտնում եմ, որ թեկուզ 40-50 տոկոս ապահովենք ճշմարտության բացահայտում` դա էլ առաջընթաց է»:

Սեդա Սաֆարյանը դրական է համարում այն, որ Փաստահավաք խումբը հնարավորություն է ունենալու վկաներից տեղեկություններ ստանալ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ եւ միաժամանակ ապահովել այդ անձանց գաղտնիությունը: Սա, ըստ նրա, մի հանգամանք է, որը կօգնի գործի բացահայտմանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG