Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները մեկնաբանում են մոսկովյան հռչակագիրը


Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարեւորում է երեկ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը, նախեւառաջ` պաշտոնական Բաքվի ռազմատենչ մղումները զսպելու տեսակետից։

«Սա 94 թվականից հետո առաջին փաստաթուղթն է, որտեղ դրվում են թե’ Հայաստանի եւ թե' Ադրբեջանի նախագահների ստորագրությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շարմազանովը։ - «Առաջին կետում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բացառապես պետք է լինի խաղաղ բանակցությունների արդյունքում, եւ խնդիրը պետք է ունենա քաղաքական լուծում։ Սա լրիվ հակադրության մեջ է մտնում այն ռազմատենչ հայտարարությունների հետ, որոնք վերջին շրջանում անում էին Ադրբեջանի մեր գործընկերները»։

Էդուարդ Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ հռչակագիրը վերահաստատեց հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափով շարունակելու անհրաժեշտությունը:

«Հօդս ցնդեցին նաեւ բոլոր մեկնաբանությունները եւ կարծիքները, որ իբր Թուրքիան կարող է լինել միջնորդ, որովհետեւ Թուրքիայի միջնորդ լինելը, բնականաբար, չէր բխում հայկական կողմի շահերից», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը:

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ` «կարող ենք ֆիքսել, որ երեկ Ղարաբաղի խնդրի կարգավորման ստարտը տրվեց»։

Լիբերալ կուսակցության համար, ըստ Հովհաննիսյանի, ընդունելի չէ այն, որ «երեք նախագահների կողքին չկար Ղարաբաղի նախագահի ստորագրությունը»։

«Մադրիդյան սկզբունքների ժամանակ մենք զիջում ենք 7 շրջանները, այնպես որ եթե վերցնում ենք, թե ինչ պրոգրես է ապրել Ղարաբաղի խնդրի կարգավորումը եւ երեկ փաստաթուղթը ստորագրելով մենք ինչ հաջողություն ֆիքսեցինք` հիմա սեղանին դրվում է մի տարբերակ, որը բացարձակորեն ոչ մի բանով դրական եւ լավը չէ 97 թվականին [քննարկվող տարբերակից] եւ շատ հարցերով նաեւ զիջում է», - մեկնաբանեց ընդդիմադիր գործիչը:

Միաժամանակ, նա դրական համարեց այն, որ ստորագրված հռչակագրով նշվել է հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում իրականացնելու կարեւորությունը։


Տիգրան Ավետիսյան եւ Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG