Մատչելիության հղումներ

Դաշնակցության ղեկավար անդամը չի բացառում ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալը` եթե ղարաբաղյան հարցում լինեն անընդունելի զիջումներ


Ազգային ժողովի փոխխոսնակ, իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններից Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամ Հրայր Կարապետյանը ուրբաթ օրը չբացառեց, որ Դաշնակցությունը դուրս կգա կոալիցիայից` եթե ղարաբաղյանի կարգավորման հարցում լինեն իրենց համար անընդունելի զիջումներ:

«Եթե բարձր իշխանության քայլերը կլինեն հակասող մեր սկզբունքներին, եւ առաջին հերթին նկատի ունենք մեր ազգային պետական շահերը` մեր պատկերացմամբ, իսկ այստեղ թիվ մեկ խնդիրը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի հարցը, ապա, իհարկե, մենք ճանապարհ չունենք անցնելու այդ իշխանավորների եւ իշխանությունների հետ», - լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Կարապետյանը:

Դաշնակցության համար, նրա ներկայացմամբ, երկու հիմնական հարց կա Ղարաբաղյան խնդրի լուծման առումով. որ հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ գրավյալ 7 շրջանները ծառայեն Ղարաբաղի անվտանգության խնդրի լուծման գործին, եւ ոչ թե ինքնանպատակ վերադարձվեն:

Դաշնակցության ղեկավար անդամի կարծիքով, սակայն, Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այսօր տրամադրությունները հասարակության մեջ խուճապային են: Կա, իր ձեւակերպմամբ` ոգու պակաս, ինչի «հիմքերը իրականում չկան»:

Հարց հնչեց, թե արդյո՞ք հենց իշխանությունները չեն նպաստում դրան, ասենք` քաղաքական հայացքների համար դատապարտելով Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին, հետապնդելով պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանին կամ Սարգիս Հացպանյանին: «Այո, նպաստում են», - նկատեց Ազգային ժողովի փոխխոսնակը:

Հրայր Կարապետյանը, այդուհանդերձ, ասաց, որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանի գործողություններում հիմքեր չի տեսնում, թե մենք զիջումների ենք գնալու. - «Ես չեմ տեսնում, որ այդպիսի լուծում վաղը չէ մյուս օրը անմիջապես լինելու է, եւ մենք կամ դրական ենք գնահատելու, կամ բացասական»:

Իսկ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա ոչ միայն, Հրայր Կարապետյանի բնորոշմամբ` ազատագրված տարածքները կկորցնի, այլեւ «խնդիր կունենա իր տարածքային ամբողջականության հետ». - «Վաղը, եթե Ադրբեջանը այս պատերազմը սանձազերծի, ոչ միայն խնդիր կունենա ազատագրված տարածքների հետ` 7 շրջանների, այլ խնդիր կունենա ընդհանրապես իր տարածքային ամբողջականության հետ: Խնդիր կունենա այնպիսի հարցերի հետ, որոնք երազում էլ չի տեսել: Միգուցե նաեւ վաղը խնդիր ունենա նրա հետ, որ Հայաստանը վերջապես ցամաքային սահման կունենա հյուսիսային հարեւանի հետ, կամ ծովային սահման»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG