Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկվածների հետ


Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 30-ին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հանդիպել է մահապատժի դատապարտված, հետագայում մահապատիժ պատժատեսակի վերացման արդյունքում զմահ ազատազրկում կրող Ստեփան Գրիգորյանի, Արմեն Տեր-Սահակյանի, Արմենակ Մնջոյանի եւ Արսեն Արծրունու հետ:

«Դատապարտյալները հանդիպման ընթացքում ներկայացրել են իրենց դժգոհությունները` կապված մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխելու հետ: Վերջիններս հայտնել են, որ իրենք վիճարկում են Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով իրենց ներման հիմքով ցմահ ազատազրկում սահմանելը: Ըստ դատապարտյալների, դա հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային փաստաթղթերի եւ ներպետական օրենսդրության խախտում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, որը մինչ այդ արդեն իսկ հանգամանորեն պատասխանել էր դատապարտյալներին եւ բերել հիմնավորումներ, ըստ որոնց հիշյալ հրամանագիրը համարվում է իրավաչափ ակտ, hանդիպման ընթացքում, չհամաձայնելով դատապարտյալների որոշ եզրահանգումների հետ, նախ, առաջարկել է, որ այդպիսի եզրահանգումներ անելիս եւ դրանք հրապարակելիս, համարժեքորեն արտացոլվեն օրենսդրության պահանջները:

Նախարարը հանգամանորեն պարզաբանումներ է տվել հնչեցված բոլոր հարցերին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը եղել է ոչ թե օրենսդրության փոփոխության հիման վրա պատժատեսակի փոխարինման վերաբերյալ իրավական ակտ, ինչը եւ կլիներ անիրավաչափ, այլ դատապարտյալներին շնորհվել է ներում: Նախարարը պարզաբանեց նաեւ, որ դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսքրգի 52-րդ հոդվածի 2-րդ մասով, նախկինում մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ դատական կարգով չվերանայված դատական ակտերը վերանայելու նպատակով, համապատաuխան միջնորդություն է ներկայացրել դատարան: Պարզաբանվեց նաեւ, որ ցմահ ազատազրկումը մահապատժի հետ համեմատ մեղմ պատժատեսակ է, ինչը հաստատվում է նաեւ միջազգային մի շարք փաստաթղթերով, իսկ օրենքի փոփոխությունները, որոնք հանգեցրել են պատժի մեղմացման` ունեն հետադարձ ուժ:

Դատապարտյալները նախարարին ներկայացրեցին նաեւ մի շարք առաջարկներ` կապված քրեակատարողական հիմնարկի պայմանների հետ, որոնց վերաբերյալ նախարարը հայտնեց, որ կքննարկվեն բոլոր առաջարկները եւ կկայացվեն հիմնավորված որոշումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG