Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գոլոս Արմենիի»-ին, քննարկելով Վարդան Օսկանյանի` քաղաքականություն վերադարձի խնդիրը, գրում է. - «Այլ հարց է, որ հրաժարական տալուց անմիջապես հետո Օսկանյանն ավելի շուտ քննադատական կեցվածք որդեգրեց իշխանությունների հանդեպ, թեեւ կառավարության անդամ եղած ժամանակ նա միշտ աչքի էր ընկել կոնֆորմիզմով: Հիշեք, որ Տեր-Պետրոսյանի արտգործնախարարի տեղակալ եղած ժամանակ նա զբաղվում էր Ղարաբաղյան բանակցություններով եւ ոչ մի անգամ դժգոհություն չհայտնեց այն կուրսով, որ անցկացնում էր նախկին ղեկավարությունը: Եվ որն ի վերջո դարձավ ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարված պատճառը: Սակայն Քոչարյանի ժամանակ նա նշանակվեց արդեն արտգործնախարարի պաշտոնին եւ դարձավ ջատագովը Ղարաբաղյան հարցում այլ քաղաքականության, որը տրամագծորեն հակառակ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Զուտ մարդկայնորեն Սերժ Սարգսյանի այսօրվա շվարած վիճակը հասկանալի է: Ինչ գործ ձեռնարկում է, ամեն կողմից հարձակվում են վրան ու սկսում գլխին խփել: Փորձում է Ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ ստորագրել, ու ամեն կողմից հարվածում են ե’ւ Քոչարյանը, ե’ւ դաշնակները, ե’ւ Ղարաբաղի իշխանությունները, ե’ւ ընդդիմությունը: Պատճառն իսկապես Սերժ Սարգսյանի լեգիտիմության դեֆիցիտն է: Որեւէ կապ չունի, թե նա ինչ բանակցություններ է վարում Ղարաբաղյան կարգավորման շուրջ: Թե ինչ միջոցառումներ է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ինչ անհեթեթ քայլեր է ձեռնարկում սփյուռքի ներուժն օգտագործելու նպատակով եւ այլն: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանն այդ իրավունքը չունի»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Ղարաբաղյան խնդրի կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները, որոնց մասին խոսվում է այսօր` 2008 թվականին, մի բանի մասին են վկայում. մեր 20 տարվա զրկանքները զուր են եղել: Եթե հազարավոր (ստույգ թիվը մեզանից համառորեն թաքցնում են) զոհերը, տնտեսական ու նյութական կորուստները, արտագաղթը, հիասթափությունը, տարածաշրջանային ծրագրերից դուրս մնալը գումարենք իրար եւ դնենք կշեռքի մի նժարին, իսկ մյուսին դրվեն այն նախագծերը, քարտեզները, որոնք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այժմ շրջանառության մեջ են, ապա վիճակի ողբերգականությունն ավելի ակնհայտ կդառնա: Մի՞թե մեր 20-ամյա պայքարը նրա համար էր, որ խաղաղապահ ուժերի (կարեւոր չէ` ռուսական թե ամերիկյան) մի ահռելի բանակ հայտնվի Ղարաբաղում: Որ ընդամենը մի փոքրիկ միջանցք կապի Ղարաբաղը Հայաստանի հետ, եւ քննարկվի այդ միջանցքի` Ադրբեջանի հետ համատեղ օգտագործման հարցը»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Այս պահին գործնական առումով նորմերի բացակայությունը մեզ համար նշանակում է հետեւյալը. եթե ղարաբաղյան հարցում միջնորդի դերում շարունակեն մնալ Մինսկի խմբի համանախագահները (որտեղ կան «միջազգային իրավունքի» տարաբեւեռ մեկնաբաններ), այդ հարցը կրկին կհաջողվի «սառեցնել» անորոշ ժամանակով: Եթե խնդրով զբաղվի միայն Ռուսաստանը (ավելի ստույգ՝ Մեդվեդեւը), ապա հարցը կարող է լուծվել մոտ ժամանակներս՝ «Դեյթոնի» նմանությամբ, երբ Միացյալ Նահանգներն իր հայեցողությամբ բաժանեց Հարավսլավիան: Այսինքն՝ «հարց լուծողը» (տվյալ դեպքում՝ ՌԴ-ն) կասի՝ «բոլորդ զգաստ, ոչ մի ձայն չհանեք, ես կանեմ իմ մտածածը եւ ձեզ չեմ էլ հարցնի»: Հենց դա է, ենթադրում եմ, այսօր պատրաստվում ասել ՌԴ նախագահը Մոսկվա ժամանած Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին: Թե ինչու է Մեդվեդեւը նման հնարավորություն ստացել, հասկանալի է. ամերիկացիները զբաղված են նախագահական ընտրություններով ու ֆինանսական ճգնաժամով եւ, անկախ ընտրությունների արդյունքներից, առնվազն կես տարի ի վիճակի չեն լինի անդրադառնալ Ղարաբաղի հարցին, այնպես որ, տեսականորեն հնարավոր է նրանց կանգնեցնել կատարված փաստի առաջ»:

«Հայոց Աշխարհ»-ը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:. - « Ոմանք կարող են հարցնել. այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ հայ-թուրքական հարաբերությունների մոտալուտ բարելավման շուրջ անցած ամիսներին մեզանում բարձրացած քաղաքական ողջ եռուզեռը։ Կարծում ենք, որ ռուս-վրացական զինաբախումից հետո Հայաստանն ու նրա ղեկավարությունը հայ-թուրքական երկկողմ շփումների սկզբնավորման՝ տարածաշրջանային մեծ խաղից խուսափելու հնարավորություն գրեթե չունեին։ Չմիանալով Վրաստանի դեմ իր դաշնակցի նախաձեռնած քայլերին, միաժամանակ հայտնվելով բարդ աշխարհաքաղաքական կացության մեջ, Հայաստանը չէր կարող խուսափել գոնե Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հորդորներից։ Ուստի ողջ խնդիրը այն է, որ մեր դիվանագիտությունը եւ մանավանդ արտաքին քարոզչությունը անհրաժեշտ չափով չէին նախապատրաստվել Թուրքիայի «բարեկամության թատերախաղին» դիմակայելուն»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG