Մատչելիության հղումներ

Ցխինվալիում վրացիների հարձակումը պատերազմի հանցագործութո՞ւն էր


BBC բրիտանական հեռուստակայանն օրերս եթեր է հեռարձակել ռեպորտաժ, որն անխուսափելիորեն դրդում է ենթադրել, որ վրացական բանակը Հարավային 0սիայում օգոստոսի սկզբին պատերազմի հանցագործոթյուն է կատարել:

Լրագրող Թիմ Հյուելը զրուցել է ավերված քաղաքի բնակիչների հետ:
«Մենք հեռուստացույց էինք դիտում, երբ սկսեցին կրակել, դրանք ոչ թե հրացաններ էին, այլ ծանր զինատեսակներ: Արկեր էին պայթում», - ասել է Տայա Սիտնիկը:

Հրետակոծման պահին նա իր որդու հետ պատսպարվել է տան նկուղում, բայց 21-ամյա Գեորգին չփրկվեց. հրասայլի արկի բեկորը խոցել է տղայի կոկորդը, նա մահացել է մոր ձեռքերի վրա:

Հյուելի ռեպորտաժում պատկերված են ավերված շենքեր, պայթեցված մեքենաներ: Ցխինվալիի բնակիչներից մի բժշկուհի լրագրողին ասել է, որ իր երեք ազգականների հետ փորձել է մեքենայով փախուստի դիմել, սակայն վրացական հրասայլը կրակ է բացել մեքենայի վրա, որից միայն այրված ու ջախջախված կմախքն է մնացել:

BBC-ի հաղորդած տեղեկությունները համընկնում են «Հյուման Ռայթս Ուոթչ» իրավապաշպան կազմակերպության տվյալների հետ, որոնց համաձայն, վրացական բանակը ուժ է գործադրել Հարավային 0սիայի խաղաղ բնակիչների նկատմամբ եւ, ամենայն հավանականությամբ, միտումնավոր կերպով է թիրախ դարձրել քաղաքացիական անձնանց: Խաղաղ բնակչության վրա հարձակումները Ժնեւյան կոնվենցիայի խախտում են, եւ կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն, մեղադրանք, որը կտրականապես հերքում են թե' ռուսները, թե' վրացիները:

BBC-ի լրագրող Հյուելը հավատացնում է, որ ինքը կողմնակալ չէ վրացինեի նկատմամբ. - «Ես չեմ ցանկանում դատել, ասել, թե ոչ է ճիշտ, ով սխալ, բայց պետք է փաստեմ, որ օսերի համոզմամբ, նրանք, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, անտեսվում են աշխարհի, Արեւմուտքի կողմից: Նրանք կարծում են, որ իրենց ճակատագիրը չի հետաքրքրում Արեւմուտքին»:

Ռուսական աղբյուրները պնդում են, որ օգոստոսին Հարավային 0սիայում զոհվել է շուրջ 2 հազար բնակիչ: «Հյուման Ռայթս Ուոթչ»-ի գնահատականով, զոհվել է 300-ից 400 մարդ, ինչը, ըստ BBC-ի, ավելի արժանահավատ թիվ է:

«Եվ եթե նրանցից շատերը զոհվել են, ինչպես տեսնում ենք, ուժի անհամաչափ կիրառումից, ապա սա պատերազմի հանցագործություն է, այն այդպիսին է մնում նույնիսկ այն դեպքում, եթե կատարվել է Արեւմուտքի հավատարիմ աջակցի համբավ ունեցող երկրի կողմից», - ասել է Հարավային 0սիայի իրադարձությունների մասին ռեպորտաժ պատրաստած BBC-ի լրա•րող Թիմ Հյուելը եւ հավելել. - «Եթե այդպես է, ապա Ցխինվալիում զոհվել է բնակչության ավելի քան 1 տոկոսը: Այսինքն` եթե դա տեղի ունենար Լոնդոնում՝ ապա կզոհվեր շուրջ 70 հազար մարդ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG