Մատչելիության հղումներ

Երեւանում է օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն


Պաատա Բուրչուլաձեն Հայաստանում է միայն մեկ համերգով. առջեւում հյուրախաղեր ունի Եվրոպայում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ շատ գոհ է մեր սիմֆոնիկ նվագախմբից: Կատակեց, թե հաճախ նվագախմբերը «քնում են համերգի փորձի ժամանակ», այսօրվա փորձին Բուրչուլաձեն «ստեղագործական եռուզեռ» է զգացել:

Հայաստանում վերջին անգամ օպերային երգիչը եղել է ուղիղ 20 տարի առաջ. «Ամենամտերիմ ընկերներիցս է Գեղամ Գրիգորյանը, միասին Lա Սկալայում ենք սովորել: Շատ լավ գիտեմ Բարսեղ Թումանյանին, Հասմիկ Պապյանի հետ երգել ենք «Մետրոպոլիտեն»-ում ու եվրոպական այլ բազմաթիվ թատրոններում: Արդեն նոր ընկեր էլ ունեմ, կողքիս է` Էդուարդ Թոփչյանը»:

Պաատա Բուրչուլաձեն ապրում է Գերմանիայում: Ասում է, որ ամենալավը իրեն այնտեղ է զգում: Թեպետ չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից: Գերմաներեն երբեք չի երգում. Բուրչուլաձեի համոզմամբ, այդ լեզուն իր ձայնի համար չէ: Սիրված դերը Բորիս Գոդունովն է:

«Իմ սերը դեպի օպերան ծնվել է փոքր հասակում: 6 տարեկան էի, մայրս տարավ ինձ բացօթյա համերգի, Գոհար Գասպարյանն էր երգում: Երեխա էի, օպերայից ոչինչ չէի հասկանում, բայց ցնցված էի ձայնից: Համերգի վերջում բազմաթիվ ծաղիկներ ստացավ, ես էլ վազեցի ու մի ծաղիկ խլեցի ձեռքից»,- պատմեց հանրահայտ բասը:

Վրացի երգիչը սեպտեմբերին բարեգործական համերգ է ունեցել իր հայրենիքում, հասույթը փոխանցել է հիմնադրամին, որը օգնում է պատերազմից հետո որբացած երեխաներին:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG