Մատչելիության հղումներ

Որակավորման բարձրացման դասընթացների կմասնակցեն 211 ուսուցիչներ


Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն Երեւանում` 145 ուսուցիչների համար 10 առարկաներից, Գյումրիում` 66 ուսուցիչների համար 12 առարկաներից:

Դրանք իրականացվելու են ինչպես Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, այնպես էլ հանրապետության կրթական եւ գիտական հաստատությունների բարձր որակավորում եւ միջազգային փորձ ունեցող մասնագետների կողմից:

Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը նշեց, որ մեր երկրում դեռեւս 120 ժամ նախատեսող դասընթացներ չենք ունեցել, եւ սա ապացուցում է, թե որքան կարեւոր է ուսուցիչների վերապատրաստումը, այն մարդկանց, ովքեր պետք է օգնեն երեխաներին առանց կրկնուսույցների ընդունվել բուհ:

«Նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մոնիտորինգ անցկացնի, տեղեկանա, թե ինչ խնդիրներ կան այդ դպրոցներում: Խումբն արդեն հանդիպել է տնօրենների հետ, իսկ առաջիկայում պետք է լսի նաեւ աշակերտներին եւ ուսուցիչներին», - ասաց փոխնախարարը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը նշեց, որ բավական լուրջ միջոցներ են ծախսվելու դասընթացներն իրականացնելու համար, քանի որ ամեն առարկայից մի քանի մասնագետ են հրավիրել, բացի այդ 10-ից ավելի դասախոսներ կմեկնեն դասընթացներ անցկացնելու նաեւ մարզերում:

«Շրջաններ մեկնող մասնագետները ավելի շատ են լինելու, քան վերապատրաստվողները», - հավելեց նա:

Ուսուցիչները նշեցին, որ վերապատրաստման կարիք ունեն, քանի որ մեթոդներն ու ծրագրերը ավագ դպրոցներում փոխվում են: Նրանց բոլորին առաջին հերթին հետաքրքրում էին տեղեկատվական տեխնոլոգիաները:

Ուսուցիչները դասընթացներին կմասնակցեն երկու ամիս, այնուհետեւ կհանձնեն հատուկ քննություն:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG