Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ»-ի «Ժողովրդավարական ինդեքս - 2008»-ում Հայաստանը 113-րդ տեղում է


Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականի հետազոտական խումբը հրապարակել է «Ժողովրդավարական ինդեքս - 2008» զեկույցը: Ցանկում ընդգրկված երկրների թվում Հայաստանը 113-րդն է:

«Էկոնոմիստ»-ի հետազոտական խումբը ժողովրդավարական ինդեքսը կազմում է հինգ սկզբունքներով` այդ ուղղություններով դիտարկելով վեց տասնյակ ցուցանիշներ: Այդ հինգ սկզբունքներ են` ընտրական գործընթացներ եւ բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործառույթներ, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ:

Ցուցակում Հայաստանը մոտ է այն երկրներին, որոնք վերլուծաբանները համարում են ավտորիտար ռեժիմի երկրներ. դրանց շարքը սկսվում է 117-րդ հորիզոնականից, որն զբաղեցնում է Հորդանանը:

167 երկրները դասակարգվում են ըստ չորս խմբերի` լիարժեք ժողովրդավարության երկրներ, փխրուն կամ ոչ հաստատուն ժողովրդավարության երկրներ, հիբրիդ ռեժիմի երկրներ, ավտորիտար ռեժիմի երկրներ:

Անցյալ տարվա համեմատությամբ Հայաստանի նահանջը աննշան է. 2007 թվականի ցանկում Հայաստանը 110-րդն էր ու գտնվում էր նույն` հիբրիդ ռեժիմի երկրների խմբում:

2008 թվականի ցանկում լիարժեք ժողովրդավարական է գնահատված 30 երկիր: Ըստ հետազոտության` աշխարհի բնակչության 14 տոկոսն է ապրում ժողովրդավարական լիարժեք սկզբունքներ ունեցող երկրներում:

Փխրուն ժողովրդավարական է համարվում 50 երկիր, որոնցում ապրում աշխարհի բնակչության 35 տոկոսը:

Հիբրիդ ռեժիմի խմբում 36 երկիր է, որոնցում ապրում է աշխարհի բնակչության 15 տոկոսը:

Ըստ «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանների` աշխարհի բնակչության 34 տոկոսը ապրում է ավտորիտար ռեժիմ ունեցող 51 երկրներում:

Վրաստանը այս տարվա ցուցակում 104-րդն է` Հայաստանի հետ նույն խմբում, իսկ Ադրբեջանը ավտորիտար երկների շարքում է` 135-րդ տեղում:

«Էկոնոմիստ»-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակների միտումը` ժողովրդավարական սկզբունքների տարածումը, տեղապտույտ է տալիս:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG