Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց «Կայուն զարգացման ծրագիրը»


Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Կայուն զարգացման ծրագիրը», որի շնորհիվ մինչեւ 2021 թվականը կառավարությունը ձգտելու է Հայաստանի զարգացումը հասցնել «սկզբունքային եւ որակական այլ մակարդակի»:

«Որպես թիրախ այս դեպքում մենք ընտրել ենք եվրոպական, արեւելաեվրոպական եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների տնտեսական զարգացման մակարդակը», - նիստից հետո լրագրողներին ներկայացնելով ծրագիրը` ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: - «Բավական է ասել, որ նախատեսված է արդեն 2017 թվականին հասնել Եվրոպական միության նոր անդամ երկրների տնտեսական զարգացման մակարդակին, որոնք նրանք ունեին 2006 թվականին` անդամակցելու ժամանակահատվածում, մասնավորապես համախառն մեկ շնչին ընկնող եկամուտների մակարդակով»:

Նախարարի փոխանցմամբ, ծրագրի ընթացքում նախատեսվում են համախառն ներքին արդյունքի աճի այնպիսի տեմպեր, որոնք «կհասցնեն համախառն ներքին արդյունքը մեկ շնչին արդեն 2012 թվականին մինչեւ 5.8 հազար դոլարին համարժեք դրամ, 2015 թվականին` 7,7 հազար դոլարին համարժեք դրամ, եւ 2021 թվականին մենք կունենանք արդեն բավականին լուրջ մակարդակ` 12,6 հազար դոլարին համարժեք դրամ»:

Ըստ պաշտոնյայի, ծրագրով կկրճատվի նաեւ նյութական աղքատության մակարդակը. - «Կլինի 2012 թվականին ոչ ավելի, քան 12 տոկոս, 2015 թվականին` ոչ ավելի, քան 10 տոկոս, 2021 թվականին արդեն մենք կունենանք ընդամենը 7 տոկոս աղքատության մակարդակ: Ծայրահեղ աղքատությունը արդեն 2012 թվականին մեզ մոտ կլինի 2 տոկոսից ոչ ավելի»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը գոնե առաջիկա տարիներին չի՞ խոչընդոտի ծրագրի իրականացմանը, նախարարը նախ հույս հայտնեց, որ մինչեւ 2021 թվականը համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաջողությամբ կավարտվի, ապա հավելեց. - «Կարծում եմ, որ այն իրադարձություններում, որ հիմա տեղի են ունենում համաշխարհային տնտեսության մեջ, ֆինանսական եւ տնտեսական համակարգում, Հայաստանի տնտեսությունը զարգացման այս փուլում համեմատաբար քիչ է ընդգրկված, մասնավորապես` համաշխարհային ֆինանսական համակարգում: Դա է պատճառներից մեկը, որ մենք գրեթե չենք զգում այդ ցնցումների ազդեցությունը: Բայց նաեւ արդյունք է մեր հստակ վարվող, բավականին կոշտ մակրոտնտեսական եւ ֆինանսական, հարկաբյուջետային եւ մոնետար քաղաքականության»:

Անկախ, ինչպես նաեւ ընդդիմադիր փորձագետների կարծիքով, սակայն, համաշխարհային տնտեսական ճգնաժամի ներկայությունը արդեն իսկ զգալի է Հայաստանի տնտեսության մեջ:

Անդրանիկ Թեւանյանի կարծիքով, օրինակ, համաշխարհային ճգնաժամը չի շրջանցում որեւէ երկիր, այդ թվում` Հայաստանը, հատկապես հաշվի առնելով, որ «ներմուծող երկիր է եւ այդքանով էլ առնչվում է միջազգային շուկաներին»:

Մյուս ազդեցությունը, նրա խոսքով, կախված է արտաքին տրանսֆերտների հնարավոր նվազումից. - «Արտաքին տրանսֆերտների հետ կապված Հայաստանում մոտավորապես 600-700 հազար մարդու շահի է դա առնչվում` դրսում աշխատողներ գումարած ներսի ապրողները` դրսից ուղարկված գումարներով»:

Մեկ այլ փորձագետի` Թաթուլ Մանասերյանի խոսքով, ճգնաժամից քաղելիք դասերից մեկը կարող է լինել այն, որ անհրաժեշտ է աշխուժացնել ներսի արտադրողներին ու չմնալ ներմուծման հույսին. - «Ներմուծման ծավալները պետք է կրճատվեն` ի հաշիվ մրցունակության բարձրացման, ինչը ենթադրում է մենաշնորհների եւ կլանների ջարդում»:


Շաքե Ավոյան եւ Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG