Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի հանձնաժողովը կհրավիրի նախկին նախագահներին


Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը պատրաստ է պաշտոնական նամակներ ուղարկել Հայաստանի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին` հանձնաժողովի նիստերին ներկայանալու եւ իրենց տեսակետներն արտահայտելու հրավերով:

«Գրավոր կգրենք: Բայց ցավում եմ, որ շատ պրիմիտիվ հարցերի պատասխաններ ստանալու համար գրավորները մի քանի անգամ` կոնկրետ առաջին նախագահին ուղարկել եմ, ոչինչ չեմ ստացել», - նշում է Նիկոյանը: - «Հանձնաժողովի եւ ինձ մոտ, իհարկե, այդ վիրավորվածությունը կար, եւ երկրորդ, երրորդ, չորրորդ, տասերորդ նամակը չգրվեց ոչ նրան, ոչ էլ երկրորդ նախագահին»:

Մարտի 1-ի երեկոյան նախագահական նստավայրում կազմակերպված ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը պնդել էր, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ կրակոցներ են արձակել: Մի քանի օր առաջ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ իր գլխավորած հանձնաժողովի ստացած պաշտոնական փորձաքննությունների արդյունքներով` մարտի 1-ին ոչ մի ոստիկան հրազենային վնասվածք չի ստացել: Նիկոյանը հիշեցրեց, որ միակ ուժայինը, ով մարտի 1-ին հրազենային վնասվածք է ստացել, եղել է ապրիլի 10-ին հիվանդանոցում մահացած Տիգրան Աբգարյանը:

Նիկոյանը Ազգային ժողովի ամբիոնից նույնպես հնչեցրել է նախկին նախագահներին ուղղված իր հրավերը եւ անգամ թվարկել է այն հարցերը, որոնց պատասխանները ակնկալում է ստանալ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG