Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի համար դեմոկրատ կոնգրեսական, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագծի համահեղինակ Ադամ Շիֆի հետ մրցակցող հանրապետական Չարլզ Հահնը իր ընտրարշավի համար հազարավոր դոլարներ է ստանում Ամերիկայի թուրքերից եւ թուրքական կազմակերպություններից:

Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Հահնի ընտրարշավին 5,7 հազար դոլար է նվիրաբերել Էրգյուն Քիրլիքովալին, ով Հայոց ցեղասպանությունը մերժող ինտերնետային կայք ունի: «Փասադենա Սթար Նյուս»-ի փոխանցմամբ` եւս 2,3 հազար դոլար Հահնի ընտրարշավին հատկացրել է ԱՄՆ-ի թուրքական ազգային կոալիցիան:

Քիրլիքովալին հայտարարել է, թե հանրապետական թեկնածուին իր եւ այլոց աջակցության հիմնական պատճառը Շիֆի ներկայացրած օրինագիծն է:

«Շիֆի դիրքորոշումը ես համարում եմ ռասիստական եւ անազնիվ», - ասել է նա` հավելելով, թե կսատարի որեւէ մեկին, ով կարող է հաղթել դեմոկրատ գործչին:

Ադամ Շիֆը, ում ընտրատարածքում տասնյակ հազարավոր հայեր են բնակվում, մտահոգիչ է համարել Քիլրիքովալիի ներգրավումը իր մրցակցի ընտրարշավում:

«Դա բավական նեղ, հատուկ լոբբիստական խումբ է, որը իրեն նվիրել է ցեղասպանության հիշատակը արմատախիլ անելուն», - պարզաբանել է կոնգրեսականը:

Չարլզ Հահնը հայտարարել է, թե չի հերքում, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, սակայն չէր սատարի Շիֆի ներկայացրած բանաձեւը: Նա վստահեցրել է, թե կցանկանար ներկայացնել օրինագիծ, որին հավանություն տային Ամերիկայի թե' հայկական եւ թե' թուրքական կազմակերպությունները:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագիծը անցած տարվա աշնանը հավանության արժանացավ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից, սակայն մինչ օրս քվեարկության չի դրվել Պալատի լիագումար նիստում` թուրքական կողմի բուռն հակազդեցության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG