Մատչելիության հղումներ

«Հայաստանի որեւէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու եւ երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակներն ու տնտեսական ապօրինի մենաշնորհային արտոնությունները պահպանելու անիրագործելի մտադրությունից», - ասված է «Միացում» ազգային նախաձեռնության` այսօր տարածած անդրանիկ հայտարարությունում, որի հեղինակները լրագրողների հետ հանդիպմանը ազդարարեցին նորաստեղծ նախաձեռնության գործունեության մեկնարկը:

Նախաձեռնությունը ներկայացված էր բավական լայն կազմով` Ժիրայր Սեֆիլյան, Զարուհի Փոստանջյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Տիգրան Խզմալյան, Գրիզելդա Ղազարյան, Սեդա Մելիքյան, Ալեքսանդր Քանանյան, Ալեք Ենիգումուշյան:

«Միացում» անվանումը պատահականորեն չէ ընտրված. ըստ ժիրայր Սեֆիլյանի, անցել են «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» ձեւակերպմամբ դիվանագիտական խուսանավումներ կատարելու ժամանակները. - «Այսօրվա Արցախը փաստացի սահմաններով, հայկական գերիշխանությանը ենթակա գտնվող տարածքներով պետք է լինի Հայաստանի Հանրապետության մի մարզ կամ երկու մարզ»:

Ըստ Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Զարուհի Փոստանջյանի, վերջին 17 տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ձեւավորված համակարգը սպառել է իրեն: Այն «փուխր է, անկայուն եւ սպառնում է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի անվտանգությանը»:

«Յուրաքանչյուր խախտում սահմանի, որը ներկայումս գոյություն ունի, կարող է հրահրել պատերազմ, որը իհարկե ցանկալի չէ երկու պետությունների համար: Այդ իսկ պատճառով, այն բոլոր բանակցությունները եւ խոսակցությունները եւ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից ներկայացված փաստարկները զիջումների, փոխզիջումների վերաբերյալ, պետք է մենք հասցնենք մեր ժողովրդին, որ դրանք բոլորը անընդունելի են», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը, ով Քելբաջարի բնակիչ է, նախանշեց, թե ինչ գաղափարով այսուհետ պետք է առաջնորդվի յուրաքանչյուր հայ գործիչ. - «Այսուհետ ցանկացած անձ, ով պետք է կամենա գործել Հայաստանի քաղաքական դաշտում, պետք է միանգամայն ընդունի, որ Հայաստանի տարածքը նվիրական, գերագույն արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել ո’չ հայոց պետականությունը, ո’չ ժողովրդավարության հաստատումն ու զարգացումը, եւ առհասարակ որեւէ կերպով Հայաստանի ապագան»:

Քանանյանը հավաստիացնում է, թե սա ամենեւին էլ ծայրահեղական մոտեցում չէ, ինչպես կարող է թվալ. - «Իրականում հերիք է մի քիչ փորձագիտական հմտություն ունենալ, պարզապես աչք եւ հայացք նետել քարտեզին, որպեսզի մենք հասկանանք, որ այն բոլոր նվաճումները, այն բոլոր ազատագրված տարածքները, որոնք մենք ձեռք ենք բերել 92-94 թվականների ազատամարտի ընթացքում, այն նվազագույնի նվազագույնն են, որը կարող է արեւելյան ճակատում ապահովել մեր երկրի տարածքային, տնտեսական կենսունակությունը»:

Ըստ Քանանյանի, իրենց համար անընդունելի է նույնիսկ այն, որ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչվի անկախ պետություն` հարակից տարածքների վերադարձման դիմաց:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այս նախաձեռնության տրամաբանությամբ անիմաստ չեն դառնում Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները, պատասխանեց հենց Ալեքսանդր Քանանյանը. - «Բանակցությունները դա քաղաքականություն է, որը ընթանում է հնարավորի շուրջ: Մենք պարզապես հստակեցնում ենք զիջումների այն նվազագույն նշաձողը, որից նահանջը կնշանակի մեր անվտանգության համակարգի ոչնչացում, եւ ըստ այդմ` Հայաստանի գոյության հեռանկարային ավարտ»:

«Միացում» գաղափարի իրավական ընթացքը նախաձեռնողներն այսպես են պատկերացնում. նախ` Արցախի անկախության ճանաչումը, ապա` միավորումը Հայաստանի հետ:

«Մենք կողմ ենք Հայաստանի անկախությանը, այլ ոչ թե դրա մի մասի անկախությանը», - ընդհանրացրեց Տիգրան Խզմալյանը:


Տիգրան Ավետիսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG