Մատչելիության հղումներ

Վրաստանում ավարտվել է նոր կառավարության ձեւավորումը, եւ առաջիկա օրերին նոր կաբինետի կազմը ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը: 17 նախարարներից փոխվել են միայն 4-ը` արդարադատության, մշակույթի, փախստականների հարցերի եւ բնապահպանության նախարարները:

Կառավարությունը գլխավորելու է 35-ամյա դիվանագետ Գրիգոլ Մգալոբլիշվիլին, ով մինչ այժմ աշխատել է արտերկրում` զբաղված լինելով բացառապես դիվանագիտական գործունեությամբ: Վարչապետ նշանակվելուց առաջ Մգալոբլիշվիլին Թուրքիայում Վրաստանի դեսպանն էր:

Ռուս-վրացական պատերազմից հետո նոր կառավարության ձեւավորումը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բացատրում է նրանով, որ երկրի առջեւ ծառացած են նոր մարտահրավերներ, կան նոր ծրագրեր, որոնց իրագործումը հնարավորություն կտա երկիրը դուրս բերել ճգնաժամից եւ վերադարձնել զարգացման այն ռիթմին, որը կար մինչ պատերազմը:

Այդուհանդերձ, միավորվելու փորձեր անող ընդդիմությունը Սահակաշվիլիի այս քայլերը համարում է ձեւական:

Մասնավորապես, նախագահի նախկին թիմակից, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, ով օրերս ստեղծեց ընդդիմադիր նոր կուսակցություն, «Վրեմյա նովոստեյ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանում ամենաուշը գարնանը պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:

«Մենք պետք է ստիպենք երկրի նախագահին նշանակել այդ ընտրությունները: Ես չգիտեմ որեւէ նորմալ ժողովրդավարական երկիր, որտեղ պատերազմից հետո կառավարությունը մեխանիկորեն չի լուծարվում եւ նոր ընտրություններ չեն անցկացվում», - հայտարարել է Բուրջանաձեն:

Հարցին` արտահերթ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրությունների պահանջով են հանդես գալու, խորհրդարանի նախկին խոսնակը պատասխանել է, որ ընդդիմությունը դա կորոշի միասնաբար:

Վերջին շաբաթներին Նինո Բուրջանաձեն սկսել է օգոստոսյան իրադարձությունների համար բացահայտորեն մեղադրել երկրի իշխանություններին` պնդելով, թե նրանք ի վիճակի չեն կանխել երկրին սպառնացող հերթական սադրանքները:

«Նախարարների կաբինետի փփոխությունից առանձնապես ոչինչ պետք չէ սպասել: Նոր վարչապետը հրաշալի, կիրթ երիտասարդ է, հարգում եմ նրան, հաջողված դեսպան էր: Բայց վստահ չեմ, որ լավ վարչապետ կլինի: Նա չի կարող իրականացնել երկրին անհրաժեշտ արմատական բարեփոխումները: Չեմ պատկերացնում, թե ինչպես է նա խոսելու ուժայինների հետ», - ընդգծել է նախկին խոսնակը:

Բուրջանաձեի գլխավորած նորաստեղծ «Ժողովրդավարական շարժում, Միացյալ Վրաստան» կուսակցության առաջին համագումարը նախատեսված է «վարդերի հեղափոխության» 5-րդ տարեդարձի օրը` նոյեմբերի 13-ին: Մինչ այդ` նոյեմբերի 7-ին, երկրի ընդդիմադիր մյուս ուժերը բողոքի հանրահավաք են նախաձեռնել:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG