Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամը իր հատուկ ֆոնդերից միջոցներ է տրամադրում եվրոպական երկրներին


Արժույթի միջազգային հիմնադրամը ստիպված է օգտագործել իր հատուկ ֆինանսական ֆոնդերը` եվրոպական մի շարք պետություններում գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով: Հիմնադրամի` շուրջ 250 միլիարդ դոլար կազմող ֆինանսական հատուկ պաշարներից առաջինը միջոցներ կուղղվեն հունգարական տնտեսության առողջացմանը:

Արժույթի միջազգային հիմնադրամը` Համաշխարհային բանկի եւ Եվրամիության հետ համատեղ, որոշել է Հունգարիայի կառավարությանը տրամադրել 25 միլիարդ դոլար` փոխարենը մի շարք նախապայմաններ առաջ քաշելով: Հունգարիայի վարչապետ Ֆերենց Դյուրչանը նշում է, որ խոսքը, նախեւառաջ, պետական ծախսերի կրճատման մասին է. - «Առաջիկա տարիներին մենք ստիպված ենք լինելու ծախսել այնքան գումար, որքան առկա է գանձարանում` առանց հավելյալ վարկերի ու պարտքերի»:

Ուկրաինայում եւս ճգնաժամի հետեւանքները խիստ զգալի են: Ուկրաինական ընկերությունների բաժնետոմսերի գինը երկու շաբաթում նվազեց մոտ 80 տոկոսով: Երկրի արեւելքում գործող խոշոր մետալուրգիական գործարաններից մի քանիսը ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը: Արժույթի միջազգային հիմնադրամը որոշել է պաշտոնական Կիեւին նույնպես մեծ վարկ տրամադրել` շուրջ 16 միլիարդ դոլար:

Եվս 2 միլիարդ դոլարի օգնություն հատկացվելու է համաշխարհային ճգնաժամից ամենաշատը տուժած պետությանը` Իսլանդիային: Սնանկացման ու փաստացի ֆինանսական շրջափակման եզրին հայտնված այս երկրի կառավարությունը նույնպես պետք է փորձի բարելավել պետական բյուջեի վիճակը: Ոմանք էլ Իսլանդիայում նշում են, որ տեղի քաղաքական ուժերի ավանդական բացասական վերաբերմունքը Եվրամիության հանդեպ իրեն չարդարացրեց: «Եթե մենք լինեինք Եվրամիության անդամ, ապա գուցե Բրյուսելը կարողանար մեզ ինչ-որ օգնություն ցուցաբերել», - նշում են Ռեյկյավիկում:

Եվրամիությունը, սակայն, այժմ զբաղված է սեփական տարածքում ծագած խնդիրները լուժելով: Վերլուծաբանների կարծիքով, առաջիկայում շատ լուրջ խնդիրների կարող են բախվել Եվրամիության ամենաաղքատ երկու անդամները` Բուլղարիան եւ Ռումինիան:

«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը աշխատատեղերի կրճատում եւ մեր քաղաքացիների կենսամակարդակի անկում թույլ չտալն է», - երեկ Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG