Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը, անդրադառնալով նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայանալիք երեք նախագահների հանդիպմանը, գրում է. - «Այսպիսով, Ռուսաստանը գոնե այս փուլում կարողացավ ժամանակավորապես «չեզոքացնել» ԼՂՀ հակամարտության կարգավորման` արեւմտյան նախաձեռնությունը, որը ներկայումս արտահայտվում է «թուրքական միջնորդության» ճանապարհով: Թե իրականում Հայաստանի Հանրապետության համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս «շրջադարձը», դժվար է միարժեք գնահատել: Սակայն սա ամենեւին չի նշանակում, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան հրաժարվելու է միջնորդության, կամ, ինչպես հայկական կողմն է ասում, «աջակցության» իր մտադրությունից»: «Պատահական չէ, որ Կրեմլի տարածած հաղորդագրությանը գրեթե զուգահեռ` Թուրքիայի իշխանությունները հայտարարել են առաջիկայում Հելսինկիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին», - եզրահանգում է թերթը իր խմբագրականում:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Տարօրինակ է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ եռակողմ բանակցությունների կազմակերպման հավանականության մասին տեղեկանում ենք ոչ թե մեր երկրի, այլ Ադրբեջանի արտգործնախարարության անանուն աղբյուրից։ Պարզվում է, որ Ադրբեջանում արդեն որոշել են, որ Հելսինկիում ԵԱՀԿ նախարարների խորհրդի դեկտեմբերի 4-5-ին տեղի ունենալիք նիստի ընթացքում կարելի է կազմակերպել նման հանդիպում, ուստի Թուրքիայի միջոցով շուտով պատրաստվում են այդ մասին տեղյակ պահել նաեւ մեզ... Այդ պատճառով Հայաստանի արտգործնախարար Էդ.Նալբանդյանը անմիջապես փորձում է ժխտել Ղարաբաղյան բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության միջեւ որեւէ կապ որոնելու ներկա փորձերը։ Սակայն, կարծում ենք, դա բավարար չէ, քանզի ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ առավել եւս՝ Ադրբեջանը չեն ժխտում նման կապի գոյությունը։ Ավելին՝ նրանք հասկացնում են, որ իրենց «կոլեկտիվ պահանջն» ընդունելու դեպքում միայն կբացվի հայ-թուրքական սահմանը»։

Նույն առիթով «Ազգ»-ը նշում է. - « Մոսկվայի հայկական համայնքի հետ հանդիպման ընթացքում պաշտոնական Երեւանը Սերժ Սարգսյանի ձեռամբ Հարավային Կովկասում Թուրքիայի տեղավորման առաջին քարը դրեց` Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելով երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու առաջարկով: Եվ չնայած այն հանգամանքին, որ հրավերի նախաձեռնությունը հայկական կողմինն էր, թուրքական կողմը Հայաստան ժամանեց իր քաղաքական օրակարգով, այն է` Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը եւ դրա հետագա ճակատագիրը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, «Կովկասի կայունության եւ համագործակցության պակտի» քննարկումը: Թուրքական այս մեծ քաղաքական նախաձեռնությունը ոչ միայն ստվերում թողեց հայկական նախաձեռնության իրողությունը, այլեւ տրորեց Երեւանի նոր-նոր ծլարձակող աշխարհաքաղաքական ակնկալիքները»:

lragir.am-ը գրում է. - «Մարտի 1-ը իշխանություն մնալու միակ ճանապարհն էր, որ կարող էին ընտրել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, քանի որ նրանք, փաստացի, այլեւս որեւէ ռեսուրս չունեին Լեւոն Տեր-Պետրոսյանի ծավալած շարժումը կանգնեցնելու համար: Եվ դա նրանց համար ակնհայտորեն պարզ դարձավ փետրվարի 26-ին, երբ Սերժ Սարգսյանի հանրահավաքին բերման ենթարկված մարդիկ հաշված րոպեների ընթացքում անցան Ազատության հրապարակ: Նրանց մնում էր միայն ուժով ճնշել խաղաղ բողոքը: Մարտի 1-ին շահել է իշխանությունը, իշխանությունը մարտի 1-ին շահել է իր գոյությունը, ավելի ճիշտ նվաճել է իր գոյությունը, քաղաքացիների ձեռքից խլել է շահած տոմսը: Մնացածը պետք է պարզեր մարտի 1-ի հանձնաժողովը, սակայն պարզ է, որ հանձնաժողովն այդ բանը չի անի, առավել եւս, որ ԱԺ նոր նախագահը հանձնաժողովականներին ասում է, որ իշխանության մեջ չփնտրեն կազմակերպիչներին»:

Նույն խնդրին է անդրադառնում «Չորրորդ իշխանություն»-ը. - «Ովքե՞ր են ի վերջո մարտի 1-ի իրադարձությունների մեղավորները: Խնդիրը միայն կոնկրետ մարտի 1-ի դեպքերը չեն. այդ օրվա իրադարձությունների մասով ամեն ինչ շատ հստակ է: Կոնկրետ մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, կոնկրետ մեղավորները այդ հանցավոր հրամանը կատարող բարձրաստիճան ուժայիններն են, կոնկրետ մեղավորը Սերժ Սարգսյանն է: Բայց կան նաեւ խորքային կամ թաքնված մեղավորներ, ու երեւի ժամանակն է, որ նրանց մասին խոսվի: Սկսենք նրանից, որ փետրվարի համաժողովրդական ընդվզման պատճառները զան•վածային ընտրակեղծիքներն էին: Ամիսների շարունակ ինչո՞վ էին զբաղված «հաճախորդ» քաղաքական գործիչներն ու հեռուստաընկերությունները. նրանք, ըստ էության, զբաղված էին ընտրությունները կեղծելով: Ոչ թե ընտրությունների արդյունքները, այլ` հենց ընտրությունները: Ամիսներ շարունակ առանց բացառության բոլոր հեռուստաընկերությունները զբաղված էին միակողմանի այլանդակ հակաքարոզչությամբ: Ամիսներ շարունակ նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի ընտրական գործընթացը խեղաթյուրվի: Այսինքն` հող էին նախապատրաստում փետրվարի 19-ի համար: Արդյունքում ընտրությունները կեղծվեցին, ժողովուրդը ստիպված եղավ դուրս գալ փողոց եւ տեղի ունեցավ մարտի 1-ը»:

«Հրապարակ»-ը մեկնաբանում է. - «Ազգային անվտանգության ծառայությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի քաղաքական ակտիվությունից հետո Հայաստանում իրականացնում է հեռախոսազրույցների գաղտնալսման մի չլսված ակցիա` հատուկ մեթոդոլոգիայով: Լսման տակ են բացառապես բոլորի հեռախոսային զրույցները: Լսող սարքերի վրա կոդավորվել են որոշակի բառեր եւ անձնանուններ` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, մարտի 1, հանրահավաք, հեղափոխություն, նույնիսկ` դատարան, վճռաբեկ, քաղբանտարկյալ եւ այս տրամաբանությամբ ուրիշ տերմիններից ձայնաբջջային ազդակներից միանգամից միանում են լսող սարքերը: Սա նշանակում է, որ ահռելի գումարներ են հատկացվել սարքեր գնելու, խոսակցությունները վերծանելու եւ մեծ աշխատակազմ պահելու համար: Նմանատիպ անխտիր լսումներ իրականացնում են բանակային ստորգետնյա ստորաբաժանումները` իմանալու համար հակառակորդի պլանների, օրվա որոշումների մասին: Մինչ այս տարի հայկական գաղտնալսող անձնակազմերը զբաղվում էին միայն ադրբեջանական եւ թուրքական զորակազմերի խոսակցությունների անխտիր որսով: Փաստորեն այժմ սկսվել է ընդդիմության տոտալ գաղտնալսումը, որից գործող իշխանությունն ավելի է վախենում, քան սահմանից այն կողմ գտնվող թշնամիներից»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG