Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը երկարացվեց եւս երկու ամսով


Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, «Մարտի 1»-ի գործով կալանքի տակ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը երեկ երկարացվեց երկու ամսով:

Մյուս հինգ մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ պաշտպանական կողմը ծանոթանում է քրեական գործի նյութերին:

Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայությունը երեքշաբթի օրը պաշտպանական կողմին տեղեկացրել է, որ գործի նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակվում է մինչեւ հոկտեմբերի 31-ը:

«Բնականաբար, պաշտպանական կողմը, ինչպես նաեւ մեր պաշտպանյալները, իրենց առարկությունները ներկայացրեցին կայացված որոշման դեմ», - ասաց Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանին` նշելով, որ հատկացվող ժամանակը գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու համար բավարար չէ:

Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը նաեւ հավելեց, որ թեեւ նախաքննության ավարտը հայտարարվել է սեպտեմբերի 4-ին, քրեական գործի նյութերը պաշտպանական կողմին սկսել են տրամադրել միայն սեպտեմբերի 11-ից, եւ այն էլ` ոչ միանգամից:

«Ընդ որում, 40-րդ հատորը միայն` 412 էջ է, մնացած բոլոր հատորները 265-280 էջից են բաղկացած: Նաեւ կան տեսաժապավեններ», - հստակեցրեց Մելանյա Առուստամյանը: - «Այս բոլոր ապացույցները պետք է նախ ուսումնասիրվեր, ծանոթանայինք, ապա կատարեինք վերլուծություններ, որից հետո միայն` հնարավորություն ունենայինք ներկայացնելու միջնորդություններ»:

Փաստաբանները պնդեցին, որ իրենց առարկությունները եւ ժամկետը երկարացնելու միջնորդությունները չբավարարվելու դեպքում նախաքննության մարմնի կայացրած որոշման դեմ բողոք են ներկայացնելու նախ` գլխավոր դատախազին, ապա նաեւ դիմելու են դատարան, քանի որ խախտվում է պաշտպանական կողմի իրավունքը:

Փաստաբանները նաեւ նշեցին, որ առաջին հերթին պետք է միջնորդություն ներկայացնեն քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու վերաբերյալ` պնդելով, որ գործում ընդգրկված ապացույցները շինծու են: Ըստ նրանց, կլինեն նաեւ այլ միջնորդություններ, որոնք հիմնավորելու եւ փաստեր ներկայացնելու համար բավականին ծավալուն աշխատանք է անհրաժեշտ կատարել: Դրա համար առնվազն մեկ ամիս ժամանակ կպահանջվի:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG