Մատչելիության հղումներ

logo-print

Լոռու մարզում ինֆեկցիոն դեպքերի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել


Լոռու մարզում միջին մակարդակը գերազանցող ինֆեկցիոն դեպքերի կապակցությամբ մարզի դատախազի կողմից երեկ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 277 հոդվածի առաջին մասի` սանիտարահամաճարակային կանոնները խախտելու հատկանիշներով:

Համապատասխան ցուցումը տվել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` քննարկելով մարզում ինֆեկցիոն դեպքերի ստուգումների արդյունքները:

Դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու: Ինֆեկցիայի աղբյուրը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն, հանձնարարվել է նախաքննական մարմնին՝ բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնց գործողությունների կամ անգործության հետեւանքով մարզի տարածքում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչը դարձել է զանգվածային ինֆեկցիայի պատճառ Վանաձոր եւ Ալավերդի քաղաքներում:

Հոկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի շուրջ 341 բնակիչ դիմել է բուժօգնության՝ աղեստամոքսային ինֆեկցիայի նշաններով:

Ինֆեկցիայի հետեւանքով մահվան դեպքեր չեն գրանցվել, կյանքին վտանգ սպառնացող նախանշաններ հիվանդների մոտ չեն հայտնաբերվել, եւ բոլորը գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Երեկվա դրությամբ` շուրջ 100 հիվանդ, առողջական բավարար վիճակում, դուրս է գրվել հիվանդանոցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG