Մատչելիության հղումներ

«Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ու նրա համախոհներն առաջիկա օրերին հանդես են գալու մի նոր նախաձեռնությամբ, որի իմաստը հայ հանրությանը «ազատագրված տարածքների վերադարձման անթույլատրելիությունը բացատրելն է»: Սեֆիլյանի բնորոշմամբ` Ղարաբաղի առջեւ ծառացած ներկայիս վտանգը աննախադեպ է:

Նախաձեռնության հեղինակները կփորձեն հանրությանը ապացուցել, որ այդ կերպ (առանց ազատագրված տարածքները վերադարձնելու) Ղարաբաղի հարցի կարգավորումն ամենեւին էլ անհնար չէ, եւ դրա համար նրանք կներկայացնեն բոլոր անհրաժեշտ պատմաքաղաքական եւ իրավական հիմնավորումները:

Առայժմ չմանրամասնելով այս մտադրության նրբերանգները` Ժիրայր Սեֆիլյանը այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ դրա հիմքում ընկած է միացման գաղափարը:

«Մենք եկող օրերին պատրաստվում ենք քաղաքական, իրավական, միջազգային տրամաբանության սահմաններում առաջարկություն-տարբերակ ներկայացնել ե’ւ մեր հանրությանը, ե’ւ բոլորին», - հայտարարեց նա` կրկնելով, թե «դրա գլխավոր իմաստը միացումն է լինելու»:

Ղարաբաղի առջեւ ծառացած աննախադեպ վտանգը առավել մտահոգիչ է դառնում «Հայաստանի պարտադրված իշխանությունների ապիկարության, անզորության ֆոնին»:

Այդուհանդերձ, Սեֆիլյանը ամենեւին էլ չի կարծում, թե ամեն ինչ կորած է. - «Այնպես չեմ գնահատում, որ վերջ, կործանվում ենք: Ոչ, այդպես չէ»:

Նրա համոզմամբ, այսօր Սերժ Սարգսյանի սեղանին դրված կարգավորման պլանին միահամուռ ոչ ասելով, խնդիրն, անշուշտ, չի լուծվի. հարկ է, որ դրանից հետո կատարվի հաջորդ քայլը` ընտրվի երկրի օրինական նախագահ:

Ժիրայր Սեֆիլյանն ընդգծում է, որ բարեհաջող կարգավորում ակնկալելու համար պետք է, որ Սերժ Սարգսյանը հեռանա: Ընդ որում` ոչ միայն նա, այլեւ «առաջին հերթին»` Ռոբերտ Քոչարյանը. - «Այսինքն` պահը եկել է այս զույգի էջը փակելու»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG