Մատչելիության հղումներ

Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված փաստահավաք խմբում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջադրում է իր աշխատակազմի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անկուսակցական Վահե Ստեփանյանին:

Ինչպես տեղեկացնում են օմբուդսմենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, համապատասխան որոշումը Արմեն Հարությունյանը ստորագրել է այսօր:

Վահե Ստեփանյանը 1990-1996 թվականներին եղել է Հայաստանի արդարադատության նախարարը:

«Իրոք, լուրջ պրոբլեմ էր ինձ համար այդ ընտրությունը, որովհետեւ եթե մյուս կողմերը իրենց փորձագետներին են ներկայացնելու, ես պետք է այնպիսի մարդ ներկայացնեի, որը եւ իրավագիտության մեջ հեղինակություն ունի, եւ երբեւիցե քաղաքական ինչ-որ բաների մեջ կասկած չի ունեցել, եւ որպես մարդ` իր պարկեշտությամբ, իր ամեն ինչով, ընդունելի է երկու կողմի համար էլ, որոշակի, համենայն դեպս, վստահության ռեսուրս ունի», - այսօր լրագրողների հետ զրույցում այսպես պարզաբանեց իր որոշումը օմբուդսմենը:

Համաձայն նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 23-ի կարգադրության` փորձագետների փաստահավաք խմբի մեկ անդամ առաջադրվում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Խմբի երկու անդամներ պետք է առաջադրվեն իշխող քաղաքական կոալիցիայի, մեկական` ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է նաեւ այսուհետեւ մասնակցել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստին, ինչի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց. - «Նաեւ հանձնաժողովում որոշ անդամների ավելի ակտիվ դիրքորոշումը ցույց տվեց, որ արդեն կարելի է գալ: Հարցեր են բարձրացնում, որ առաջ չէին բարձրացնում, հասկանում էինք, որ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով չէին բարձրացնում, այդ իմաստով` քաղաքական գործիչների մեջ Պաշտպանը գար` անելիք չուներ: Եթե հիմա արդեն այդ կոնյունկտուրայից փորձում են որոշակի քայլ դուրս անել` արդեն իմաստ ունի, այսինքն` անկախության կարգավիճակը պետք է համապատասխանի, որ գաս-համագործակցես»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG