Մատչելիության հղումներ

«Բջնի»-ի 483 աշխատակիցները «քաղաքական վրեժխնդրությունից» պաշտպանություն են ակնկալում


«Բջնի» հանքային ջրերի գործարանի աշխատակիցները նամակ են հղել Հայաստանի նախագահին, վարչապետին, պետեկամուտների կոմիտեի նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին եւ Հայաստանում գործող դեսպանատներին, որում ուշադրություն են հրավիրում ընկերության շուրջ ստեղված իրավիճակի վրա եւ պաշտպանություն են ակնկալում:

«Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ «Բջնի» գործարանը քաղաքական վրեժխնդրության զոհ է դարձել, եւ նույնիսկ ամենամիամիտ մարդը կարող է վկայել, որ գետը հոսած հանքային ջրի համար չի կարելի ընկերությանը պահանջ ներկայացնել, ընդ որում տուգանքների եւ տույժերի տեսքով», - ասված է ընկերության 483 աշխատակիցների անունից գրված նամակում: - «Արդյո՞ք ճիշտ է մեկ հարվածով ազդել 483 ընտանիքի ճակատագրի վրա: Արդյո՞ք ճիշտ է ոչնչացնել «Բջնի» եւ «Նոյ» ապրանքատեսակները, որոնց ճանաչմանը հասել ենք մեր քրտինքով»:

«Սրա հետեւանքը նա է լինելու, որ միջազգային շուկայում հայկական արտադրանքը վստահությունը կորցնելու է: Չէ որ ցանկացած օտարերկրացի սպառող ի վերջո ձեռք կքաշի մի բանից, որը երկար կյանք չունի: Եվ սրանից հետո էլ հարկադիր կատարման ծառայությունը փորձում է լուրեր տարածել, որ աշխատանքը դադարեցրել ենք մենք եւ ոչ թե` դա դադարեցվել է իրենց գործողությունների հետեւանքով», - գրում են «Բջնի»-ի աշխատակիցները` խնդրելով «քաղաքական կամք դրսեւորել եւ չթույլատրել «Բջնի» ընկերության ոչնչացումը, այլ` օբյեկտիվ արդարադատություն իրականացնել այդ գործով»:

«Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» գործարանում ստուգումները սկսվել են 2007 թվականի նոյեմբերից: Այս տարվա հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ է կայացրել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, իսկ հոկտեմբերի 23-ին արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները բռնագանձում են իրականացրել «Բջնի» գործարանում:

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարում` «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG