Մատչելիության հղումներ

Էկա Տկեշելաշվիլի. «0գոստոսի իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչ կարգի պետություն է Ռուսաստանը»


«Բոլորս համոզվեցինք, որ Ռուսաստանը պատրաստ է ուղղակի խախտել ուրիշ՝ ինքնիշխան երկրի սահմանները, դրանք փոխելու համար դիմել ագրեսիվ գործողությունների», - այսպես Պրահայում՝ «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնում ռուս-վրացական ճգնաժամը մեկնաբանեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Էկա Տկեշելաշվիլին:

Հարցերի զգալի մասը վերաբերում էր Արեւմուտքի հետ Վրաստանի հարաբերություններին. արդյո՞ք Թբիլիսին հույսեր է կապում ՆԱՏ0-ի, ԱՄՆ-ի կամ Եվրամիության հետ: Նախարարի խոսքերով, Թբիլիսիում իրատեսական քաղաքականություն են մշակում, գիտակցում են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Արեւմուտքն իր շահն ունի:

«Պատերազմից առաջ եւ մանավանդ պատերազմից հետո մենք ընդգծել ենք, որ ընդարձակված Եվրոպայի մասն ենք, հոգ չէ, որ այսօրվա դրությամբ Եվրամիության անդամ չենք: Ի դեպ, այդ առումով պատրանքներ չունենք, բայց մենք մեզ տեսնում ենք երկրների այդ համագործակցության մեջ, ժողովուրդների այդ համայնքում», - ասել է նախարարը:

Էկա Տկեշելաշվիլիի համոզմամբ, Վրաստանը ռուսների թիրախը դարձավ այն պատճառով, որ սկսել էր իրագործել Արեւմուտքի հետ մերձենալու իրատեսական եւ արդյունավետ քաղաքականություն:

«Վրաստանը ռուսների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն պահից, երբ այնտեղ գիտակցեցին, որ մենք հաջողության ենք հասնում, որ տարածաշրջանի մի երկիր կարող է վերջապես ձերբազատվել իր անցյալից եւ իր կամքով դառնալ արեւմտյան ընտանիքի լիիրավ անդամ: Այդպես Վրաստանը կարող էր օրինակ ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար, դրա հետեւանքով էլ դարձավ առաջին թիրախը», - ասել է Տկեշելաշվիլին:

Կարճատեւ ճեպազրույցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը գովեստով է խոսել հարեւան Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին` նշելով, որ պատերազմի օրերին եւ պատերազմից հետո Ադրբեջանը անհրաժեշտ ծավալով աջակցություն է ցույց տվել Վրաստանին:

Անդրադառնալով ԱՊՀ-ից դուրս գալու խնդրին, նախարարն ասաց, որ Վրաստանում երբեւէ մեծ նշանակություն չեն տվել այդ կառույցին` այն համարելով արհեստածին եւ անարդյունավետ:

«Մենք երկկողմ հարաբերություններ ունենք ԱՊՀ-ի երկրների հետ եւ ապագայում էլ այդպես կշարունակենք», - ասաց Վրաստանի արտգործնախարարը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG