Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը հայտնում է, որ բացահայտվել են Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության կատարողները


Կիրակի օրը Երեւանի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության կատարողները, ինչպես տեղեկացնում են ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացահայտված են, նրանցից մեկը այսօր կալանավորվել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ հաղորդագրության, պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 29-ամյա Հայկ Դավթյանը եւ 32-ամյա Հայկազ Հակոբյանը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Հայկ Դավթյանն ու ներկայացրել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգը եւ «Մակարով» տեսակի ատրճանակը:

Դավթյանը կալանավորված է:

Կատարվում է նախաքննություն, հանցագործության հանգամանքները պարզվում են:

Հոկտեմբերի 26-ին ժամը 14:30-ին Կոմիտասի պողոտայի թիվ 48/Ա շենքի բակում ինքնաձիգից եւ ատրճանակից կրակ էր արձակվել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով սպանվել է 43-ամյա Հրաչյա Մաթեւոսյանը եւ վիրավորվել 32-ամյա Հարություն Բ.-ն, ով տեղափոխվել է Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանությունը «վրեժ» էր եւ «անմիջական կապ ունի» անցած տարվա նոյեմբերի 8-ին Կոմիտասի շուկայի մոտ Հայաստանի որսորդմիության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քանաքեռի կառույցի ղեկավար Սայադ Դավթյանի սպանության հետ:

«Այսօրվա տվյալներով, կան ցուցմունքներ, որ դա վրիժառության հողի վրա է», - ասել էր գլխավոր դատախազը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG