Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարը կընտրվի «շուտով»


Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցությունը, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, մոտ ապագայում կընտրի նոր ղեկավարին:

Խմբակցության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը անցած ամիս նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար:

Ռազմիկ Զոհրաբյանը այսօր հավաստիացրեց, որ ՀՀԿ-ում հատուկ նիստ չի եղել խորհրդարանական խմբակցության ղեկավարի նշանակման հարցով:

«Չեմ կարծում, թե վտանգավոր մի բան է կատարվում», - ասաց Զոհրաբյանը: - «Կուսակցությունում էլ կան խմբեր, ինչը դրսից չի երեւում... Գուցե որպեսզի կուսակցության ներսում այդ խմբերի լարվածությունը չմեծանա, ժամանակ է պետք հանդարտվելու համար... Եվ անպայման խմբակցության ղեկավար կլինի, եւ մեծամասնությունը կողմ կլինի այդ թեկնածուին: Ինձ թվում է` շուտով: Այդպես չէ, որ ՀՀԿ-ում բոլորը մեկ մարդու են համակրում»:

Կուսակցության փոխնախագահը համաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, թե խմբակցության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի այն մարդը, ում անունը կհնչեցնի կուսակցության եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե նախագահը ասի, որ այս անձը պիտի լինի, ես դեմ չեմ քվեարկի դրան, որովհետեւ, եթե ես նախագահի ասածներին դեմ քվեարկեի, ապա այդ կուսակցությունում չէի լինի», - ասաց նա` շարունակելով. - «Բնականաբար, ես համաձայնել եմ, նրան նախագահ եմ ընտրել, եւ իր կարծիքը հաշվի եմ առնում»:

Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով, իրենց 140 հազար անդամ ունեցող կուսակցությունը հասարակության մանրակերտն է. - «Մեր մոտ կան ե’ւ մտավորականներ, ե’ւ արվեստագետներ, ե’ւ այլ մասնագիտությունների տեր մարդիկ, մեր մոտ կան նաեւ հեղինակություն ունեցող մարդիկ: Եվ Վարդան Ղուկասյանը [ով անցած կիրակի չորրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Գյումրիի քաղաքապետ], եւ ասենք էլի ուրիշները... Ի՞նչ է նրանք կուսակցական պիտի չդառնայի՞ն... Հազար ձեւի հարաբերություններ կան հասարակության մեջ: Հիմա, ասենք, եղել են դեպքեր, որ Վարդան Ղուկասյանի անունը մի քիչ տարածվել է` որդու հետ կապված եւ այլն.... Բայց եթե դրանով դատենք, շատ համայնքապետերի, քաղաքական գործիչների պետք է... հեռացնենք: Այդ դեպքում ովքե՞ր են գալու»:

«Մենք պետք է աշխատենք հասարակությունը առողջացնելու վրա, ոչ թե նրանց հեռացնելու: Որովհետեւ նրան հեռացնելով, գալու է իր նման մեկը, որովհետեւ հասարակությունը վերարտադրում է իրենց, որովհետեւ հասարակությունը այսպիսին է», - եզրափակեց նա:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG