Մատչելիության հղումներ

Նախաքննությամբ հաջողվել է ճշտել մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով արձանագրված մահվան 10 դեպքերի մի շարք հանգամանքներ, սակայն ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնց պարզաբանման հարցում ակնկալվում է միջազգային փորձագետների, փորձագիտական հաստատությունների օգնությունը: Այդ մասին ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` երեկ ընդունելով Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Մասնավորապես, ըստ գլխավոր դատախազի, հայ փորձագետները որոշակի դժվարություններ ունեն կիրառված հատուկ միջոցների նույնացման հարցում: Ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 3 քաղաքացի, եւ քննչական մարմինն ունի միջազգային փորձագետների մասնագիտական օգնության կարիքը՝ պարզելու կոնկրետ այն ինքնաձիգը, որից կիրառված հատուկ միջոցը դարձել է կոնկրետ քաղաքացու մահվան պատճառ: Գլխավոր դատախազը միաժամանակ տեղեկացրել է, որ քննության տվյալներով` կիրառված հատուկ միջոցները եղել են ժամկետանց, եւ քննության առջեւ խնդիր է դրվել իրավական գնահատական տալ իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձի գործողություններին:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ մահացած մյուս 7 անձանց վնասվածքի բնույթը: Ըստ այդմ՝ մեկը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ է ստացել նռնակի պայթյունից, մեկը՝ բութ գործիքից, 5-ը՝ հրազենից: Ընդ որում՝ 2 անձի հրազենային վնասվածքները եղել են թափանցիկ, իսկ մյուս 3-ի դեպքում գնդակները հաջողվել է հայտնաբերել եւ առգրավել: Ոստիկանությունից առգրավվել են նաեւ մարտի 1-2-ին՝ նշված տարածք ծառայության ուղարկված ոստիկաններին ամրակցված զենքերի վերաբերյալ մատյանները, զենքերը, որոնք ուղարկվել են փորձաքննության՝ դեպքի վայրից առգրավված գնդակների եւ պարկուճների հետ միասին:

Երեկվա դրությամբ դատարան է ուղարկվել 89 քրեական գործ՝ 104 անձի վերաբերյալ: Նախնական կալանքի տակ է գտնվում 7 անձ, որոնց մասով նախաքննությունն ավարտվել է դեռեւս սեպտեմբերի սկզբներին, եւ սեպտեմբերի 10-ից նրանց հնարավորություն է տրվել ծանոթանալու քրեական գործի նյութերին: Գլխավոր դատախազը վստահեցրել է, որ նրանցից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել քրեորեն հետապնդելի կոնկրետ արարքներ կատարելու համար:

«Լիովին ընդունում ենք Եվրոպայի խորհրդի պահանջը՝ որեւէ մեկը չպետք է պատասխանատվության ենթարկվի իր քաղաքական հայացքների, ելույթների համար, եւ մեղադրանքներ են առաջադրվել միայն կոնկրետ գործողություններ կատարելու` անկարգություններին անմիջական մասնակցելու, դրդելու ու օժանդակելու համար», - ասել է գլխավոր դատախազը՝ հավելելով, թե քրեորեն հետապնդելի արարքներ կատարելու համար առաջադրված մեղադրանքները փորձ է արվում քաղաքականացնել, որովհետեւ անկարգությունները տեղի են ունեցել քաղաքական ուժի կողմից կազմակերպված հրապարակային միջոցառման ժամանակ:

Դատախազության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Աղվան Հովսեփյանը հավաստիացրել է, որ նախաքննական մարմնի առջեւ խնդիր է դրվել լիարժեք պարզել տեղի ունեցած անկարգությունների մասնակիցների ամբողջ շրջանակը՝ ինչպես կատարողներին, այնպես էլ դրդողներին, օժանդակողներին, եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններին տալ իրավական գնահատական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG