Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հոկտեմբերի 15-ի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հարգելի պարոն նախագահ, շնորհավորում եմ Ձեզ` Ձեր նախագահության երկրորդ ժամկետի մեկնարկի կապակցությամբ: Առաջիկա ամիսներին մենք ձգտելու ենք երկկողմ բարեկամական համագործակցության խորացմանը»:

ԱՄՆ-ի նախագահը իր ուղերձում նաեւ հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին կհաջողվի առաջխաղացում գրանցել ե'ւ էներգետիկ անվտանգության, ե'ւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերում:

Ուղերձում նշված է նաեւ, որ Միացյալ Նահանգները սատարում է ժողովրդավարության ինստիտուտների խորացման ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների ջանքերը:

Անցած ուրբաթ Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիեւի երդմնակալության արարողությունը, եւ նա երկրորդ անգամ ստանձնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը:

Այդ օրը Ալիեւը հանդես է եկել ելույթով` անդրադառնալով նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա, մասնավորապես, շեշտել է, որ Ադրբեջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունը:

«Ադրբեջանը բանակցություններ կվարի միայն երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու շրջանակներում», - հայտարարել է Ալիեւը` վստահեցնելով. - «Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` ո'չ 5 տարի անց, ո'չ 10, ո'չ էլ 20 տարի անց, երբեք: Լեռնային Ղարաբաղին երբեք չի տրվի անկախություն, եւ այդ հարցը երբեւէ բանակցությունների առարկա չի լինի»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG