Մատչելիության հղումներ

Կիրակի օրվա սպանությունը Երեւանում, ըստ գլխավոր դատախազի, կատարվել է «վրիժառության հողի վրա»


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ խորհրդարանում բյուջեի քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ կիրակի օրը Կոմիտասի պողոտայի թիվ 48/ա շենքի մոտ տեղի ունեցած սպանությունը «վրեժ» էր եւ «անմիջական կապ ունի» անցած տարվա նոյեմբերի 8-ին Կոմիտասի շուկայի մոտ Հայաստանի որսորդմիության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քանաքեռի կառույցի ղեկավար Սայադ Դավթյանի սպանության հետ:

«Այսօրվա տվյալներով, կան ցուցմունքներ, որ դա վրիժառության հողի վրա է», - ասաց գլխավոր դատախազը:

Հոկտեմբերի 26-ին կեսօրից հետո Կոմիտասի պողոտայի թիվ 48/ա շենքի բակում «Նիսան Տիիդա» մեքենայով անհայտ անձինք ինքնաձիգից եւ ատրճանակից կրակ են արձակել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ եւ սպանել 1965 թվականին ծնված Հրաչյա Մաթեւոսյանին:

«Նիվա»-ի 22-ամյա վարորդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ, վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ռաֆայել Գրիգորյանի փոխանցմամբ, կատարվել է վիրահատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Անցած տարի Սայադ Դավթյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը փնտրում էր երեք անձանց: Նրանց երկուսը` նախկինում դատապարտված, ովքեր եղել էին դեպքի վայրից փախուստի դիմած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում: Փոխարենը ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն էր ներկայացել նախկինում երբեւէ չդատապարտված ոմն Վալերի Բաբայան եւ խոստովանել, որ սպանությունն ինքն է կատարել:

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե իրավապահները պարզել էին, որ Սայադ Դավթյանի սպանությունը «քաղաքական չէր»: Իսկ կիրակի օրվա սպանությանը գնահատական տալը, ըստ Մհերյանի, դեռ վաղ է` «քանի դեռ իրավապահները չեն պարզել գործի ողջ իսկությունը»:

Լույս շաբաթ օրը նաեւ կրակոցներ են հնչել «Ծղոտներ» ռեստորանային համալիրի մոտ: Կրծքավանդակի եւ դեմքի մասերում ստացած հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ: Այս միջադեպին գլխավոր դատախազը երեկ չանդրադարձավ, փոխարենը խոսեց ուրբաթ օրը Սպիտակում 4 մարդու կյանք խլած արյունալի միջադեպի մասին, որը, նրա խոսքով, պայմանավորված է «քրեական աշխարհի այսպես ասած հարցերի պարզաբանման հետ»:

«Կարծում եմ, թե գումարային խնդիրներ է առաջ բերել այդ սպանությունը», - շարունակեց նա: - «Գործը բացահայտված չէ առ այսօր... Շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները»:

Նույն օրը Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի մասնակցությամբ դանակահարության եւ հրազենի գործադրման դեպքի կապակցությամբ գլխավոր դատախազն ասաց. - «Քննության ընթացքում պետք է գնահատական տրվի` արդյոք... այդ կրակողները տեղավորվում էին անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, թե իրականացվել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններից դուրս»:

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած սպանություններին է երեկ անդրադարձել նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը. - «Այս սպանությունները բոլորիս համար անընդունելի են... Այս պայմաններում ինչպես կարող է շարքային քաղաքացին իրեն պաշտպանված զգալ»:

Արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ նախորդ գիշեր ավազակային հարձակման է ենթարկվել Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի բնակարանը: Մանրամասները ոստիկանությունից խոստացան հաղորդել ավելի ուշ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG