Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանը կարեւոր է համարում ընդդիմության մասնակցությունը փաստահավաք խմբի աշխատանքին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կարեւոր է համարում ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցությունը մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու համար կազմավորվելիք փաստահավաք խմբի աշխատանքին:

Երկուշաբթի օրը լրագրողերի հետ հանդիպմանը Հայաստանի օմբուդմենը, ի պատասխան լրագրողի հարցին, թե կշարունակի՞ աշխատել խմբի կազմում, եթե ընդդիմությունը հրաժարվի մասնակցել դրա աշխատանքին, պատասխանեց. - «Կշարունակեմ, բայց արդեն սա այն ձեւաչափը չի լինի, ինչի համար որ դա ստեղծվել էր»:

«Ես չեմ ցանկանում քաղաքական ուժերին գնահատական տալ, բայց, իմ խորին համոզմունքով, չի կարելի պատասխանատվություն ստանձնել միայն այն պայմաններում, երբ քեզ համար իդեալական պայմաններ են ստեղծված», - հավելեց նա` շարունակելով. - «Մանավանդ` երբ քաղաքական անհանդուրժողականության որոշակի մթնոլորտ կա»:

Նա, իր խոսքով, համադրել է նման խումբ ստեղծելու դրական եւ բացասական կողմերը, եւ գտնում է, որ «դրականը բավարար է այդ գործընթացում ներգրավվելու համար». - «Դրականը բավարար չէ վստահ լինելու համար, բայց բավարար է փորձ անելու համար»:

«Կան ռիսկային գործոններ», - շարունակեց նա, - «բայց պետք է գիտակցել պատասխանատվության աստիճանը: Քաղաքական անհանդուրժողականության պայմաններում իդեալական որոշումներ հնարավոր չէր եւ սպասել»:

Արմեն Հարությունյանի խոսքով, խմբի նկատմամբ «վստահության բարձր մակարդակ է ապահովում դրա ստեղծվան ձեւաչափը»:

Ինչ վերաբերում է գործընթացի գաղտնիությանը, ապա, ըստ օմբուդսմենի, այդ ունի նաեւ իր դրական կողմերը. - «Առաջինը, նրա զեկույցը լինելու է հրապարակային: Երկրորդը` պաշտպանված է հատուկ կարծիքի իրավունքը. այսինքն` փոքրամասնությունը հնարավորություն է ունենալու իր հատուկ կարծիքը ներկայացնել: Չափազանցված եմ համարում այն հանգամանքները, որ այդ գաղտնիության պայմաններում խմբի անդամների վրա կարող է ճնշում գործադրվել»:

Փաստահավաք խմբի ստեղծումը Հարությունյանը իշխանություն-ընդդիմություն երկխոսության ծավալմանն ուղղված իրական քայլ է համարում. - «Իրոք կետեր կան, որոնք ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, այստեղ գործընթաց կա: Մինչեւ այս որեւէ լուրջ քայլ ես չեմ տեսել»:

Արմեն Հարությունյանը համարում է, որ փաստահավաք խումբը ուշացած է ստեղծվում, սակայն չի գտնում, որ դա փաստարկ է խմբի աշխատանքը բոյկոտելու համար:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG