Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով` Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետ


Կիրակի օրը անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր առավոտյան հրապարակած տվյալներով` հանրապետական Վարդան Ղուկասյանը ստացել է քվեարկությանը մասնակցած 52607 ընտրողներից 30510-ի քվեները, նրա հիմնական մրցակից` Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` 19363, իսկ «Ազգային ինքնորոշում» միավորում կուսակցության անդամ Դանիել Դարբինյանը` 752 ձայն:

Վարդան Ղուկասյանը հինգերորդ անգամ է մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, որից չորս անգամ հաղթել է, սակայն այս տարի նրա ստացած ձայների թիվը աննախադեպ է:

Մինչ այժմ ամենաշատ քվեները` 28480, նա ստացել էր 2002 թվականին:

Այս տարի աննախադեպ էր նաեւ ընտրողների ակտիվությունը` քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող գյումրեցիների մոտ 44 տոկոսը:

Գյումրու քաղաքապետի պաշտոնում անցկացրած 9 տարիների ընթացքում Վարդան Ղուկասյանի անունը հաճախ է կապվել աղմկահարույց իրադարձությունների եւ կաշառառության մեղադրանքների հետ:

2004 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած վերահսկիչ հանձնաժողովը Գյումրու քաղաքապետին մեղադրեց Լինսի հիմնադրամի գումարներով կառուցված նոր բնակարանների բաշխման գործընթացում կատարած «բազմաթիվ չարաշահումների» մեջ, սակայն գործին ընթացք չտրվեց:

2007 թվականի ապրիլին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վրա անհայտ անձանց կողմից Վարդան Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի արդյունքում զոհվեցին Գյումրու քաղաքապետի 3 թիկնապահները:

2007 թվականի մայիսին Գյումրու Տերյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվեց Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը: Վերջինս դատապարտվեց 18 ամսվա ազատազրկման, սակայն ժամանակից շուտ ազատ արձակվեց` անազատության մեջ մնալով ընդամենը վեց ամիս:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG