Մատչելիության հղումներ

logo-print

Արյունալի միջադեպեր Լոռու մարզում


Լոռու մարզի Ամրակից գյուղում ծագած վիճաբանության արդյունքում ուրբաթ երեկոյան դանակահարվել է Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, ով իրեն պատկանող ատրճանակից կրակել է հարձակվողների վրա` վիրավորելով նրանցից երեքին: Նույն երեկոյան մարզի Սպիտակ քաղաքում դիմակավոր անձը կրակ է բացել հինգ անձանց ուղղությամբ. ստացած վնասվածքներից չորս մարդ զոհվել է, մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Կենսաթոշակային ապահովության հիմնադրամի Ստեփանավանի կառույցի ղեկավար Արմեն Գրիգորյանը, նույն քաղաքից գործարարներ Արթուր Աղաջանյանը եւ Արծրուն Հակոբյանը գնացել են Սարգիս Ղարաքեշիշյանին պատկանող «Դրախտ» ռեստորան, որպեսզի պարզաբանում ստանան քաղաքապետից, թե ինչու է աշխատանքից ազատել Աղաջանյանի կնոջը, ով նաեւ Գրիգորյանի քույրն է:

Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանում տեղի ունեցածի եւ դրա առնչությամբ հարուցված քրեական գործի մասին «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը. - «Այնտեղ հիշյալ հանգամանքի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել Սարգիս Ղարաքեշիշյանի եւ այնտեղ գնացած մի խումբ նշված անձնավորությունների հետ, որի ընթացքում Արմեն Գրիգորյանը իր մոտ ունեցած կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է Սարգիս Ղարաքեշիշյանի պարանոցին եւ դեմքին, որից հետո Սարգիս Ղարաքեշիշյանը իր կյանքը նշված ոտնձգությունից, ինչպես նաեւ նույն ժամանակ Արծրուն Հակոբյանի, Արթուր Աղաջանյանի եւ մյուսների հարձակման արդյունքում դրա իրական սպառնալիքից պաշտպանելու նպատակով, իրեն ամրացված, օրինական կարգով իր մոտ գտնվող «Վիկինգ» տեսակի ատրճանակից կրակելու, Արմեն Գրիգորյանին, Արծրուն Հակոբյանին ու Արթուր Աղաջանյանին հրազենային վնասվածքներ հասցնելու պատճառով հանցագործությունը ավարտին չի հասցվել»:

Վեճի բոլոր չորս մասնակիցները տուժել են: Դատախազի փոխանցմամբ` դեպքից հետո Արմեն Գրիգորյանը դիմել է փախուստի, սակայն հայտնաբերվել է եւ բուժօգնություն է ստանում Երեւանում:

Մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել նաեւ Սարգիս Ղարաքեշիշյանը եւ Արծրուն Հակոբյանը:

Լիաննա Գրիգորյանը, ում` աշխատանքից ազատվելու պատճառով տեղի է ունեցել միջադեպը, աշխատում էր Ստեփանավանի մշակույթի պալատում որպես գործավար: Ստեփանավանի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ քաղաքապետը նրան աշխատանքից ազատել է հոկտեմբերի 19-ին անցկացված քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո` պատճառաբանելով, թե իրեն չի ընտրել:

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկություններով` նույն պատճառով ուսուցիչներին աշխատանքից ազատելու փորձեր են եղել նաեւ Ստեփանավանի երաժշտական դպրոցում. քաղաքապետից հրահանգ է եղել աշխատանքից ազատել դպրոցի երկու այլախոհ ուսուցիչների:

Հոկտեմբերի 19-ին Ստեփանավանում անցկացված ընտրություններում հիմնական պայքարը ծավալվել էր գործող քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի եւ Սերյոժա Առաքելյանի միջեւ: Ղարաքեշիշյանը ստացել էր մոտ 5 հազար 500, նրա մրցակիցը` գրեթե կրկնակի պակաս ձայներ:

Նույն երեկոյան աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել Սպիտակ քաղաքում:

Լոռու մարզի դատախազի փոխանցմամբ` «ժամը 20:50-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի կենտրոնական ավտոկայանի տարածքում, ինքնությունը դեռեւս չպարզված դիմակավորված անձը իր մոտ ունեցած 5,45 եւ 9 միլիմետր տրամաչափի հրազեններից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, կրակել է նույն փողոցում տեղադրված վագոն-տնակում գտնվող` Սպիտակ քաղաքի բնակիչներ Ստյոպա Դիլբարյանի, Վարուժան Մարտիրոսյանի, Նշան Դանիելյանի, Գարուշ Մարությանի եւ Վանաձոր քաղաքի Կարապետ Միսկարյանի վրա, որի հետեւանքով ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից Ստյոպա Դիլբարյանը եւ Կարապետ Միսկարյանը մահացել են տեղում, Վարուժան Մարտիրոսյանն ու Նշան Դանիելյանը` Սպիտակի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ Գարուշ Մարությանի կյանքը բժշկական միջամտությամբ հնարավոր է եղել փրկել` նա ստացել է առողջության ծանր վնաս»:

Կարեն Շահբազյանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը գտնվում է Հայաստանի գլխավոր դատախազի անմիջական հսկողության տակ:

Լոռու մարզի դատախազի վկայությամբ` տուժածներից որեւէ մեկը պաշտոնյա չէ, «ըստ ստացված տեղեկությունների, նրանց մեջ կան ձեռնարկատերեր»:

«Առաջ են քաշված տարբեր, բազմաբնույթ վարկածներ, որոնցով բոլորով կատարվում է քննություն», - ասաց Կարեն Շահբազյանը` համոզմունք հայտնելով, որ հանցագործությունը կբացահայտվի:

Մարզում վերջին տարիներին հինգ աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել, որոնք մնում են չբացահայտված, այդ թվում` Լոռու մարզի նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը:


Կարինե Սիմոնյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG