Մատչելիության հղումներ

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը ներկայումս զրկված է աշխատելու հնարավորությունից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ընկերության շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, «առգրավվել են ընկերության բոլոր տրանսպորտային միջոցները, այս պահին ընկերության 480-ից ավելի աշխատակիցներ հարկադիր պարապուրդի են մատնված, կապարակնքված են բոլոր պահեստները, եւ սկսվել է ընկերության գույքի աճուրդային գործընթացը»:

Հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը` դատավոր Լարիսա Սոսյանի նախագահությամբ, վճիռ է կայացրել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին: Իսկ հոկտեմբերի 23-ին արդեն, ինչպես հայտնեց Արա Զոհրաբյանը, արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, առանց համապատասխան որոշման, սեւ համազգեստներով եւ դիմակավորված անձանց հետ, ներխուժել են «Բջնի» գործարան:

Ինչպես փաստաբանի, այնպես էլ «Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Արդեն մի քանի ամիս է, ինչ դատարանում քննվում է «Պիցցա դի Ռոմա» սրճարանի երեք աշխատակիցների գործը: 2007 թվականի նոյեմբերից էլ սկսվել են ստուգումները «Բջնի» գործարանում, ինչի արդյունքում քրեական գործ է հարուցվել:

Փաստաբան Արա Զոհրաբյանի վկայությամբ` հարուցված գործի շրջանակներում մի քանի անձինք գտնվում են հետախուզման մեջ, կալանավորվել էր ընկերության գլխավոր տնօրենը, որը, սակայն, հետագայում ազատ է արձակվել. - «Միակ պրոբլեմը, որ հետո իրենք այստեղ ունեցան` Հարկային պետական ծառայության քննչական բաժինը, այն էր, որ հետո հասկացան, որ բնօգտագործման վճարը մեր օրենքով չի համարվում պարտադիր վճարի տեսակ»:

Այդուհանդերձ, վարչական դատարանի սահմանած տուգանքի հիմնական բաժինը` շուրջ 3,4 միլիարդ դրամ, բնօգտագործման վճարի մասով է:

Արա Զոհրաբյանի վկայությամբ, 2007 թվականի նոյեմբերին Հարկային պետական ծառայությունը ստուգում է իրականացրել, իսկ 2008-ի հունվարին ակտ է կազմել` հաշվարկելով, թե գետնի տակից որքան ջուր է դուրս գալիս. - «Եվ այդ ամբողջ ժամանակահատվածի համար [սկսած 2005 թվականի ապրիլից, երբ տեղադրվել է հաշվիչը] հաշվարկել է, որ ընկերությունը իբր պետք է վճարեր մինչեւ հաշվիչը եղած ջրի համար, եւ դա փորձել է պատճառաբանել, որ հաշվիչը տեղադրված է ոչ ճիշտ տեղում: Ընկերության հիմնական փաստարկը այն է, որ այս հաշվիչը տեղադրել է բնապահպանության նախարարության պետական տեսուչը, ընդ որում` այդ անձն էլ դատարանում հստակ իր ցուցմունքով վկայել է, որ ինքն է տեղը որոշել»:

Փաստաբանի հավաստմամբ, «Բջնի» գործարանի ջրաչափը կապարակնքելուց հետո բնապահպանության նախարարությունը երկու անգամ` 2005 եւ 2006 թվականներին, ստուգումներ էր անցկացրել եւ որեւէ խախտում չէր հայտնաբերել: 2006 թվականի հոկտեմբերի 28-ին ստուգում էր իրականացրել նաեւ Հարկային պետական ծառայությունը եւ բնօգտագործման վճարների մասով խախտում չէր հայտնաբերել: Այդ ստուգումներից հետո էլ որեւէ փաստ չէր փոխվել:

Այսինքն, փաստաբանի մեկնաբանությամբ, «Բջնի» գործարանի նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվել:

«Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է անձանց իրավունքների պաշտպանությունը», - շեշտեց Զոհրաբյանը` ամփոփելով. - «Ուղղակի կարող եմ ասել, որ շատ վատ նախադեպ է արձանագրվում մեր պետության մեջ»:

Փաստաբանի փոխանցմամբ` «Բջնի» ընկերությունը պատրաստվում է վարչական դատարանի վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով:


Կարինե Քալանթարյան


(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Խաչատուր Սուքիասյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG