Մատչելիության հղումներ

logo-print
ԵԱՀԿ-ն ողջունում է մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված փաստահավաք խմբի ստեղծումը, կարեւորում դրա աշխատանքներին խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմության եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությունը: Այդ մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:

Նրա խոսքերով` ԵԱՀԿ-ն հուսով է, որ Փաստահավաք խումբը նոր լիցք կհաղորդի նաեւ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որոնք երկարաձգվել են եւս չորս ամսով, ինչը նշանակում է, որ այն հարցերի դաշտը, որ մարտի 1-ի հետ կապված առկա են հասարակության մեջ, դեռ բաց է:

«Ինչ վերաբերում է եվրոպացի փորձագետներ ուղարկելուն, ԵԱՀԿ-ն նման դիմում առայժմ չի ստացել, իսկ նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք չունենք», - ասաց Կապինոսը` հավելելով. - «Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու համար փորձագետներ գործուղելու դիմում, հավանաբար, եղել էր Միացյալ Նահանգներին` Ամերիկան էլ ուղարկել էր: Հայաստանը դիմել էր նաեւ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ Եվրոպայի խորհրդին, բայց դա ապրիլին էր` այն ժամանակ իրավիճակը, հետաքննության ընթացքն ու ուղղվածությունը լրիվ այլ էր: Բացի այդ, «Մարտի 1»-ը յուրահատուկ դեպք է, եւ ԵԱՀԿ-ն չունի նման հետաքննությանը մասնակցելու եւ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու փորձ»:

Ըստ Սերգեյ Կապինոսի, ԵԱՀԿ-ն ուշադիր հետեւում է նաեւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված դատական գործընթացներին:

«Հայաստանում հետընտրական իրադարձությունների հետ կապված դատական պրոցեսների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը նախատեսվում է 2009 թվականի հունվար-փետրվարին, եւ այդ զեկույցը կհրապարակվի», - ասաց ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG