Մատչելիության հղումներ

Եվրոպական միությունը սկսում է ծրագիր, որի նպատակն է TRACECA ծրագրի շրջանակներում կատարել Թբիլիսի-Երեւան գործող երկաթգծի ուսումնասիրությունը եւ տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Թբիլիսի-Երեւան հիմնական երկաթգիծը, որը գործարկվել է 1899 թվականին եւ էլեկտրաֆիկացվել 1967 թվականին, տեխնիկական սպասարկման եւ արդիականացման մեծ խնդիրներ ունի եւ չի կարող արդյունավետ ու մրցունակ կերպով բավարարել տրանսպորտային ներկայիս եւ ապագա կարիքները:

Ծրագրի շրջանակներում կուսումնասիրվի նաեւ այլընտրանքային` Ադրբեջանի տարածքով անցնող Երեւան-Թբիլիսի երկաթգիծը, որը գործարկվել եւ էլեկտրաֆիկացվել է 1984 թվականին, սակայն վերջին մի քանի տարիներին դրա միայն Երեւան-Դիլիջան հատվածն է գործարկելի:

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության հաղորդագրության համաձայն` առաջիկա մեկ տարվա ընթացքում խորհրդատուները կգնահատեն առկա իրավիճակը եւ երկաթգծի վերականգնման համար կմշակեն մանրամասն առաջարկ:

Ծրագիրը կիրականացնի իտալա-ուկրաինական կոնսորցիումը, որում ընդգրկված են իտալական Lattanzio e Associati S.p.A., International Consulting & Service Group s.r.l., International Railway Technology & Service s.r.l. եւ ուկրաինական Khardiprotrans OJSC ընկերությունները:

Եվրամիության TACIS-TRACECA ծրագրի նպատակն է միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման միջոցով օժանդակել Սեւծովյան եւ Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի քաղաքական եւ տնտեսական զարգացմանը: Ներկայումս TRACECA-ն ընդգրկում է 13 երկրներ` 5 եվրոպական, 3 կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի 5 պետություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG