Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանական ուժերը դրական են գնահատում Փաստահավաք խմբի ստեղծումը


Խորհրդարանական ուժերը հիմնականում դրական են գնահատում մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ փաստահավաք խմբի ստեղծումը:

Այսօր Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Փաստահավաք խմբի ֆորմատն իրենց բավարարում է: «Այն հավասարակշռված է», - ասաց Մարտիրոսյանը` միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ընդդիմության հետ նախագահի կարգադրությունը չի քննարկվել:

Նույն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Փաստահավաք խումբ ստեղծելու մասին կարգադրությունը ուշացած, բայց անհրաժեշտ քայլ որակեց: Չնայած աշխատանքները ֆինանսավորվելու են նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին` Սաֆարյանը խնդիր չի տեսնում նոր ստեղծվելիք խմբի աշխատանքներին մասնակցելու հարցում. - «Դա ամենեւին չի նշանակում, որ նախագահն է վարձատրում: Միեւնույն է, դա պետական բյուջեի գումարներ են, եւ էական չէ, թե որ խողովակով կվարձատրվեն խմբի անդամ հանդիսացող փորձագետները»:

«Ժառանգություն» կուսակցությունը երեկոյան վարչության նիստ է գումարել, որոշելու համար` կմասնակցի՞ արդյոք Փաստահավաք խմբի աշխատանքներին, եւ եթե այո, ո՞վ կլինի կուսակցության ներկայացուցիչն այդ խմբում:

Իշխանական կոալիցիան առայժմ չի քննարկել, թե ում է գործուղելու Փաստահավաք խումբ: Ըստ նախագահի կարգադրությամբ սահմանված կարգի` կոալիցիայի անդամ չորս կուսակցությունները երկու թեկնածու պետք է առաջադրեն:

«Հանրապետական» խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը խնդիր չի տեսնում` արդյոք իրենց կուսակցության առաջադրած թեկնածո՞ւն կընտրվի խմբում, թե՞ կոալիցիայի մեկ այլ կուսակցության առաջարկած անձը. - «Մեր խնդիրը հետեւյալն է` պետք է լինի անձնավորություն, որը բավարարի այնտեղ նշված ցուցանիշներին: Չլինի քաղաքական դեմք, չլինի կուսակցական, լինի մասնագետ, պետական համակարգում աշխատող չլինի: Որեւէ նշանակություն չունի, թե որ կուսակցությունն է նրան առաջարկում»:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես նշեց, որ կարեւոր չէ, թե կոալիցիոն ո՞ր կուսակցության թեկնածուն կընդգրկվի խմբում. - «Պետք է ուղղակի սկզբունքորեն ընտրել լուրջ իրավագետի»:

Նույն կարծիքին է նաեւ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը. - «Անհրաժեշտ է, որ մասնագետներ աշխատեն այնտեղ»:

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ թե’ արտախորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի, եւ թե’ խորհրդարանական «Ժառանգություն»-ը մասնակցելու են Փաստահավաք խմբի աշխատանքներին:

«Իրենք առաջարկում էին այն մոդելը, ինչը այսօր ստեղծվել է: Կարծում եմ, որեւէ վերապահում իրենք այսօր դժվար թե ունենան», - հայտարարեց Զոհրաբյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG