Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը կմասնակցի Փաստահավաք խմբի աշխատանքներին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կմասնակցի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ստեղծվելիք փաստահավաք խմբի աշխատանքներին: Այդ մասին նա հայտնեց այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Այո, որպես մարդու իրավունքների պաշտպան այս ձեւաչափը ավելի արդյունավետ եմ համարում եւ այդ տեսակետից որոշում եմ կայացրել անպայման մասնակցել», - ասաց օմբուդսմենը:

Փաստահավաք խմբի կազմավորման եւ գործունեության կարգի համաձայն` խմբի 5 անդամներից մեկին առաջադրում է մարդու իրավունքների պաշտպանը:

Արմեն Հարությունյանը դեռ չի որոշել, ով կլինի Փաստահավաք խմբում իր ներկայացուցիչը:

«Այնտեղ այնպիսի ձեւաչափ է, որ շատ կարեւոր է, թե ում եմ ներկայացնելու», - ընդգծեց օմբուդսմենը, - «Որովհետեւ, լինելով անկախ փորձագետ, նա պետք է պաշտպանի մեդիատորի եւ քաղաքականությունից դուրս` զուտ իրավաբանական փորձագետի [դերը] եւ օբյեկտիվության հիման վրա գործի»:

Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ Փաստահավաք խմբի աշխատանքներին չմասնակցելը ընդդիմության կողմից սխալ կլինի:

«Կարծում եմ, որ այս գաղափարի հիման վրա գործընթաց սկսելը ճիշտ է», - շեշտեց Արմեն Հարությունյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG