Մատչելիության հղումներ

Մոսկվան կապե՞ր ուներ «Էրգենեկոն»-ի հետ


Թուրքիայում շարունակվում է պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով ձերբակալված «Էրգենեկոն» անվամբ ընդհատակյա կառույցի 86 անդամների դատավարությունը: Ըստ մեղադրող կողմի` «դավադիրների նպատակն էր ահաբեկչական գրոհների եւ ապակայունացնող այլ գործողությունների միջոցով պայմաններ ստեղծել 2009 թվականին հեղաշրջում իրականացնելու համար»:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` «Էրգենեկոն»-ը թուրքական ցեղախմբի առասպելական պատմական մի բնակավայրի անունն է:

Դատախազությունը պնդում է, որ «էրգենեկոն»-ի անդամները կապ ունեն նախկինում կատարված մի շարք սպանությունների հետ եւ մտադիր էին սպանել պետական գործիչներից ու հանրային լիդերներից մի քանիսին, այդ թվում վարչապետ Ռեջեփ Էրդողանին, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Յաշար Բույուքանըթին եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուքին:

Մոսկվայում լույս տեսնող «Կոմերսանտ» պարբերականը հոկտեմբերի 21-ի համարում գրել է, որ երբ դեռ նոր էր հրապարակվել հեղաշրջում ծրագրող «Էրգենեկոն» կառույցի բացահայտման մասին լուրը, թուրք լրագրողները նշել էին, որ ձերբակալվածների թվում են քաղաքական ամենատարբեր հոսանքների ներկայացուցիչներ՝ ծայրահեղ ազգայնականներից մինչեւ կոմունիստներ:

«Խորհրդանշական է, որ այդ իրարամերժ դավանանքների հետեւորդները դատավարության օրը կողք-կողքի կանգնած, Աթաթուրքի նկարները պարզած՝ բողոքի ակցիաներ են անցկացել», - գրել են «Կոմերսանտ»-ի մեկնաբաններ Միխայիլ Զիգարն ու Մայիս Ալիզադեն:

Հոդվածագիրները նշում են այն հանգամանքը, որը, իրենց համոզմամբ, միավորում է ձերբակալվածներին. գրեթե բոլոր ձերբակալվածներն ունեն Ռուսաստանի նկատմամբ ընդգծված ջերմ վերաբերմունք: Օրինակ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը բազմիցս այցելել է Ռուսաստան: Ստամբուլի համալսարանի ռեկտորի նախկին տեղակալ, պրոֆեսոր Քեմալ Ալեմդարօղլուն Մոսկվայի պետհամալսարանի հետ համագործակցության պայմանագիր է կնքել, գեներալ Շեներ Էյուրգուրը հրապարակավ կոչ է արել Անկարային դուրս գալ ՆԱՏՕ-ից եւ ռազմական դաշինք ստեղծել Ռուսաստանի եւ Իրանի հետ:

«Կոմերսանտ»-ը գրում է, թե «Էրգենեկոն»-ի գաղտնի շտաբը տեղակայված է եղել Ստամբուլում թուրք ուղղափառ եկեղեցու շենքում. Թուրքիայում գոյություն ունի թուրք ուղղափառների ոչ մեծաթիվ համայնք, որը եկեղեցական-վարչական առումով որեւէ առնչություն չունի Կոստանդնուպոլսի ուղղափառ պատրիարքարանի հետ:

Իսկ առավել ուշագրավ հանգամանքը, ըստ թերթի, այն է, որ իրավապահները չեն կարողացել ձերբակալել «Էրգենեկոն»-ի գործով հետախուզման մեջ գտնվող ժանդարմերիայի հետախուզության բաժնի նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Լեւենթ Էրսեզիին, քանի որ վերջինս ... թաքնվել է Ռուսաստանում:

Ամերիկացի անվանի վերլուծաբան, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Փոլ Գոբլը նույնպես անդրադարձել է այս խնդրին` Վրաստանում լույս տեսնող «Ջորջիան դեյլի» պարբերականում գրելով, թե գործում ներգրավված թուրք դատախազները մեղադրանքներում նշել են ռուսական գաղտնի ծառայությունների հետ «Էրգենեկոն»-ի անդամների կապի հանգամանքը, իսկ «կապող օղակի» դերում է հանդես եկել Ռուսաստանի Եվրասիական կուսակցության ղեկավար, ազգայնական գործիչ Ալեքսանդր Դուգինը:

Նկատելով, որ այս պահին դժվար է միանշանակ արժանահավատ համարել «Կոմերստան»-ի հրապարակումը, Փոլ Գոբլը գրել է. - «Եթե ապացուցվի, որ Ռուսաստանի գաղտնի ծառայություններն իրոք առնչություն ունեն «Էրգենեկոն»-ի գործի հետ, ապա դա կնշանակի մեկ բան. Մոսկվայի ներկայիս ղեկավարները իրենց նպատակներին հասնելու համար պատրաստ են գնալ ծայրահեղ ռիսկի եւ խախտել խաղի կանոնները, ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք առնվազն կասկածի տակ կառնեն իրենց դերը որպես Արեւմուտքի գործընկերներ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG