Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյան. «Փաստահավաք խմբից հիմնական ակնկալիքը մահվան հանգամանքների ուսումնասիրությունն է»


Մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունեց այն փաստը, որ արդեն կա նախագահի կարգադրությունը փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ:

«Դա էական օգնություն կնշանակի հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովը կկարողանա իր աշխատանքները վերակազմավորել», - ընդգծեց Նիկոյանը:

Նրա խոսքերով, չնայած հանձնաժողովը կշարունակի աշխատանքները Ազգային ժողովի կողմից իր առջեւ դրած խնդիրները լուծելու ուղղությամբ, «բայց, ամեն դեպքում, փաստահավաք աշխատանքի մի մասը կթողնի, որ փաստահավաք խումբը իրագործի` իր հիմնական ուժերը կենտրոնացնելով այլ ոլորտի վրա». - «Մասնավորապես, դատական պրոցեսներ են գնում` հանձնաժողովը դատական պրոցեսներին կմասնակցի, որպեսզի կարողանա վերջում իր գնահատականի մեջ նաեւ անդրադառնալ այդ խնդիրներին»:

Սամվել Նիկոյանի կարծիքով, փաստահավաք խմբի հետ հանձնաժողովի աշխատանքը պետք է լինի ոչ միայն վերջում, երբ խումբը իր հավաքած նյութերն է տրամադրելու հանձնաժողովին, այլեւ հենց սկզբից` «որպեսզի այն բոլոր աշխատանքները, որ հանձնաժողովը փաստահավաք գործունեության առումով կատարել է, հասանելի լիներ փաստահավաք խմբին»:

Փաստահավաք խմբից հանձնաժողովի հիմնական ակնկալիքը, ըստ Նիկոյանի, մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում մարդկանց մահվան հանգամանքների ուսումնասիրության խնդիրն է. - «Մնացած խնդիրների վերաբերյալ հանձնաժողովը, ըստ էության, փաստերի ծանրակշիռ մասը ունի: Խնդիրը հիմնականում մահվան հանգամանքների ուսումնասիրության հետ է կապված: Մեր ակնկալիքը, հիմնականում, այդ ոլորտից է, մասնավորապես` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստահավաք խմբում լինելու են հիմնականում մասնագետներ. նրանք չպետք է լինեն քաղաքական կուսակցության անդամներ, չպետք է աշխատեն պետական համակարգում: Հանձնաժողովի համար դա շատ կարեւոր է, որ նրանք զուտ մասնագետներ են, եւ կոնկրետ մահվան հանգամանքների ուսումնասիրության հարցում նրանց նշանակությունը հանձնաժողովի համար լինելու է էական»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG