Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը երկրորդ անգամ ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը


Այսօր Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիեւի երդմնակալության արարողությունը, եւ նա երկրորդ անգամ ստանձնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը:

Ալիեւը հանդես է եկել ելույթով` անդրադառնալով նաեւ Lեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Նա շեշտել է, որ Ադրբեջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունը:

«Ադրբեջանը բանակցություններ կվարի միայն երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու շրջանակներում», - վստահեցրել է Ալիեւը: - «Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` ո’չ 5 տարի անց, ո’չ 10, ո’չ 20 տարի անց, երբեք: Lեռնային Ղարաբաղին երբեք չի տրվի անկախություն, եւ այդ հարցը երբեւէ բանակցությունների առարկա չի լինի»:

Նա ասել է, թե այդ հարցում միջազգային իրավունքը Ադրբեջանի կողմն է: Ըստ Ալիեւի, մինչ հիմա արված քայլերի շնորհիվ ամրապնդվել է Ադրբեջանի դիրքորոշումը. - «Հիմա աշխարհը հասկանում է, որ այս տարածաշրջանի հակամարտությունները պետք է գտնեն իրենց լուծումը: Դա կարող է լինել միայն միջազգային նորմերի շրջանակներում: Դա կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե քանի դեռ «գրավյալ տարածքները» չեն վերադարձվել, Հայաստանի հետ համագործակցության մասին խոսք լինել չի կարող:

Այնուհանդերձ, ըստ Ալիեւի, խաղաղ բանակցությունների ներուժը սպառված չէ. - «Մենք դեռ հետաքրքրված ենք շարունակելու բանակցությունները, մեր հույսը դեռ չի մարել, մենք դեռ գտնում ենք, որ բանակցությունները կարող են հարցը արդարացի կարգավորել»:
«Հակառակ կողմը պետք է ընդունի ռեալ իրավիճակը: Իսկ իրականությունն այն է, որ այսօր Ադրբեջանի հետ մրցակցելը չափազանց բարդ է: Ես նույնիսկ կասեի` անհնարին է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը` հավելելով. - «Մեր քաղաքական ու տնտեսական ներուժը, տնտեսական հզորությունը, միջազգային իրավունքն ու արդարությունը մեր կողմն է, ամրապնդում է մեր դիրքերը: Համոզված եմ, որ այս բոլոր գործոնների արդյունքում եւ մեր ակտիվ, հարձակողական քաղաքականության շնորհիվ մեր հողերը ազատագրվեն»:

Նա վստահեցրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շատ ամրապնդվել են:

«2003 թվականին երկրի ռազմական ծախսերը կազմել են 163 միլիոն դոլար, 2008-ին դրանք հասել են 1 միլիարդ 85 միլիոն դոլարի», - համեմատել է նա` ասելով, թե առաջիկա տարիներին այդ ծախսերը կավելանան, եւ 2009-ին ավելի շատ միջոցներ կտրամադրվեն ռազմական ծախսերին:

«Ստեղծելով շատ հզոր զինված ուժեր, մենք արագացնում, մոտեցնում ենք Lեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը», - հայտարարել է Ալիեւը: - «Բոլոր այս գործոնները դեր են խաղում, եւ հակառակ կողմը պետք է իմանա եւ գիտի, որ Ադրբեջանը շատ հզոր պետություն է»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իլհամ Ալիեւի երդմնակալության արարողությանը այլ պետությունների, կառավարությունների ղեկավարներ չեն հրավիրվելու: Օտարերկրյա պետությունների ղեկավարներից այսօր Բաքվում միայն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին էր, Թուրքիայից ժամանել էր փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, Ռուսաստանից` նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը բոյկոտել էին հոկտեմբերի 15-ի ընտրությունները, որոնցում Իլհամ Ալիեւը ստացավ քվեարկության մասնակիցների մոտ 88 տոկոսի ձայները:

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը ընտրություններում դրական տեղաշարժ արձանագրեց, ընդգծելով հանդերձ, որ ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին` չկար մրցակցություն, մամուլը բազմակարծություն չէր արտահայտում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG