Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը տեղեկացնում է. - «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հոկտեմբերի 22-ին Թեհրանի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. - «Մեզ համար ընդունելի չէ, որ Հայաստանը սահմանը բացելու համար տեղի տա որեւէ նախապայմանի դիմաց: Մեզ համար ընդունելի չէ որեւէ զիջում` սերունդների իրավունքների առումով: Մեզ համար անընդունելի է, որ Թուրքիան միջնորդի կամ որեւէ դերակատարություն ստանձնի հայ - ադրբեջանական հարաբերությունների կամ էլ Ղարաբաղի հարցով: Մեզ համար անընդունելի է ամեն գնով մաս կազմել Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան նախագծին` առանց Իրանի»:

«Երկիր» շաբաթաթերթի մեկնաբանը, քննարկելով ղարաբաղյան հարցը, գրում է. - «Ի տարբերություն Հայաստանի նախագահի, ռուսական պետության ղեկավարը երեւանյան մամլո ասուլիսում ոչ մի անգամ չարտաբերեց այնպիսի բառեր, ինչպես` «Մինսկի խումբ» կամ «համանախագահներ»: Եվ սա հատկանշական է, քանզի միջնորդական առաքելության շարունակումը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ թույլ չի տալիս Ռուսաստանին` կարգավորման գործընթացը տանել սեփական շահերի հունով: Իսկ այդ շահերը, ինչպես մենք արդեն բազմիցս գրել ենք, այսօր հանգում են այն բանին, որ Ադրբեջանը վերադառնա ռուսական աշխարհաքաղաքականության հուն: Դրա համար պահանջվում է Հայաստանին բերել, ըստ էության, միակողմանի եւ բոլորովին անընդունելի զիջումների ղարաբաղյան հարցում: Խոսքը առնվազն վերաբերում է ղարաբաղյան զորքերը ազատագրված տարածքներից դուրս բերելուն, այնտեղ ադրբեջանական բնակչության վերադարձին եւ խաղաղապահ համակազմի տեղակայմանը: Ռուսաստանը շտապում է այնտեղ մտցնել իր խաղաղապահներին, ինչը նրան թույլ կտա հսկողություն սահմանել տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցությունների նկատմամբ»:

Նույն` ղարաբաղյան հարցով Lragir.am-ը մեկնաբանում է. - «Ազատագրված տարածքները վերադարձնելու պատրաստակամությունը, որ հայտնում է Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում, շատ հաճախ հենց այդ նույն իշխանության ներկայացուցիչները մատուցում են իբրեւ դիվանագիտական հնարք: Այսինքն, ներկայացվում է, որ Հայաստանը հայտարարում է վերադարձնելու պատրաստակամության մասին, բայց իրականում ոչ մեկն էլ չի վերադարձնի որեւէ տարածք: Այս պնդումը իհարկե ինքնին բավական տարօրինակ է եւ նկատելիորեն անհիմն եւ անտրամաբանական: Դիվանագիտական մանեւրի վարկածի կողմնակիցները կարող են ասել, որ այդ մանեւրը աշխարհի ճնշումից խուսափելու համար է: Այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանն այդուամենայնիվ անկարող է պահել տարածքները, եթե ինքը նույնիսկ այդպես է ցանկանում: Այսինքն, եթե մեզ ստիպեն, ապա չենք կարող չտալ: Հետեւաբար եթե հիմա չենք տալիս, ապա միայն այն պատճառով, որ մեզ չեն ստիպում: Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանն է մանեւրի միջոցով պահում տարածքները, այլ պարզապես աշխարհը, ի դեմս որի հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեզանից չի պահանջում այդ տարածքը վերադարձնել Ադրբեջանին»:

«Հայոց Աշխարհ»-ը մեկնաբանում է ընդդիմության շրջանում զարգացումները. - «Ո՞ւմ են փորձում խաբել Հայ ազգային կոնգրեսի վայ քարոզիչները. միգուցե նրա՞նց, ովքեր տարակուսել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 17-ի կեցվածքից, թե՞ կոնգրեսի անդամ կազմակերպությունների առաջնորդներին, ովքեր այդ օրը հայտնվել էին, մեղմ ասած, հիմար վիճակում։ Ավելի քան զավեշտական է նաեւ ՀԱԿ-ի հայտարարության մեջ «աշխարհաքաղաքական բարդ զարգացումները» վկայակոչելու փորձը եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ «հարաբերությունների սրումը» ազդարարելու շուրաբալագանովյան տրամաբանությունը։ Կոմիկական է, քանզի այն, չգիտես ինչու, ավարտվում է զանգվածային միջոցառումների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում «Հայաստանի համար ավելի ուժեղ բանակցային դիրքեր» ապահովելու մտահոգությամբ։ Ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի ուժեղ դիրքեր ունենալու ցանկությունը շարքային միտինգի եկած մի քանի հազար մարդկանց տուն ուղարկելու, առավել եւս սեփական գործընկերներին խաբելու խնդրի հետ»։

«Իրավունք de facto»-ի լրագրողը զրուցել է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի հետ: Հարցին` «ըստ Ձեզ, բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցությունը պե՞տք է վերականգնվի», Բարսեղ Բեգլարյանը պատասխանել է. - «Ղարաբաղը միշտ պետք է կողմ հանդիսանար այդ բանակցություններին: Մեր նախորդ ղեկավարության ամենամեծ բացթողումներից մեկն այն էր, որ Ղարաբաղի իշխանությունները դուրս մղվեցին բանակցային գործընթացից: Եթե հարցադրումն այդ ենթատեքստն ունի, ապա Ղարաբաղը պետք է լինի գործոն, հակառակ դեպքում մենք մշտապես պրոբլեմ ենք ունենալու: Առանց Ղարաբաղի մասնակցության մենք իրավունք չունենք Ղարաբաղի հարցը լուծելու»:

«Իրավունք»-ին հարցազրույց է տվել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: «Այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին գործուն միջոցներ չեն ձեռնարկվել հանձնաժողով կանչելու եւ հարցաքննելու», - լրագրողի այս հարցին Մինասյանը պատասխանում է. - «Իսկ ո՞վ է ասել, որ միջոցներ չեն ձեռնարկվել: Մասնավորապես, առաջին նախագահին ներկայացվել է շուրջ 3-4 գրություն` սկսած նրանից, որ կամ ինքը գա, կամ իր համախոհներից ներկայացուցիչ ուղարկի, ինչի Գեւորիկյան մակարդակի պատասխանը դուք գիտեք»: Իսկ հարցին, թե կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին հրավեր ուղարկվե՞լ է, պատգամավորը արձագանքել է. - «Երկրորդ նախագահին հրավեր չի ուղարկվել, որովհետեւ մեր գործողությունները եղել են հետեւյալ կերպ. մենք նախ ցանկացել ենք հասկանալ մարտի 1-ի առավոտյան դեպքերը, որը հանգեցրել է ողբերգության, որքանո՞վ է այն տեղավորվում գործող օրենսդրության շրջանակներում, ի՞նչ օպերացիա է իրականացվել, արդյո՞ք այդ օպերացիան եղել է իրավաչափ, թե ոչ: Սրա շրջանակներում քննարկել ենք նաեւ ոստիկանության գործողությունները»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG