Մատչելիության հղումներ

Դատարանը չի հաստատել երկու ոստիկանների առնչությունը Հրանտ Դինքի սպանությանը


«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սամսունի դատարանը երեկվա նիստում վճռել է, որ ոստիկանության հակաահաբեկչական բաժնի ղեկավարի տեղակալ Մեթին Բալթան եւ նույն բաժնի ավագ ոստիկան Իբրահիմ Ֆիրաթը առնչություն չունեն Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը:

Անցած տարվա հունվարի 17-ին Ստամբուլում` «Ակոս»-ի խմբագրատան մոտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթը հանցագործության պահին 17 տարեկան էր: Նրան ձերբակալել են սպանության հաջորդ օրը Սամսունում: Որոշ ժամանակ անց թուրքական մամուլում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում պատկերված էին թուրքական դրոշը պարզած Սամասթն ու նրա կողքին կանգնած մի քանի ոստիկան: Դրանից հետո էլ շրջանառության մեջ է մտել մի վարկած, որի համաձայն` ազգայնականները ոստիկանների լռելյայն հավանությամբ են սպանել Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակումներ հեղինակած հայազգի լրագրողին:

Սպանության կապակցությամբ կարգապահական տույժի է ենթարկվել 8 ոստիկան, սակայն միայն Բալթան եւ Ֆիրաթն են կանգնել դատարանի առջեւ: Շուրջ մեկ տարի տեւած դատավարության ավարտին Սամսունի դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ «Բալթան թույլ չի տվել պետական պաշտոնյային անհարիր այնպիսի արարք, որի արդյունքում կստեղծվեր տպավորություն, թե պաշտոնյան հավանություն է տալիս Սամասթի գործողություններին»:

Ֆիրաթի վերաբերյալ էլ դատարանը վճռել է, թե «չկան համոզիչ փաստեր, որոնք թույլ կտան նրան մեղադրել տեղեկատվական արտահոսք կազմակերպելու եւ այդ միջոցով հետաքննության գաղտնիությունը խախտելու մեջ»:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Սամսունի դատարանի երեկվա վճիռը մեծ հիասթափություն կպատճառի Դինքի ընտանիքին եւ մտերիմներին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG