Մատչելիության հղումներ

Աշխարհում Բարաք Օբամայի համակիրները մոտ չորս անգամ շատ են Ջոն ՄըքՔեյնի համակիրներից


Աշխարհի 70 պետություններում Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների 30 տոկոսը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամային: Հանրապետական Ջոն ՄըքՔեյնին աջակցում է աշխարհի բնակիչների 8 տոկոսը միայն:

Հարցվածների ավելի քան 60 տոկոսը կամ չի ցանկացել հայտնել իր կարծիքը, կամ էլ նշել է, թե ամերիկյան ընտրարշավով առանձնապես չի հետաքրքրվում:

Օբաման մեծ ժողովրդականություն է վայելում Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում. այս երկրներում նրա վարկանիշը, ըստ Gallup-ի, գերազանցում է 60 տոկոսը:

Հարցման արդյունքները կոնկրետ երկրների կտրվածքով դիտարկելու դեպքում կարելի է արձանագրել, որ ՄըքՔեյնին աջակցող եզակի երկրներից մեկը Վրաստանն է. այստեղ հարցվածների 23 տոկոսը առաջիկա 4 տարիներին Սպիտակ տանը կցանկանար տեսնել հենց նրան: Gallup-ի մասնագետների կարծիքով` սա պատահական չէ, քանի որ նախագահի հանրապետական թեկնածուն ռուս - վրացական օգոստոսյան պատերազմի ընթացքում ակտիվորեն պաշտպանում էր վրացական կողմի տեսակետները:

Ինչ վերաբերում է Օբամայի վրաց աջակիցներին, ապա նրանց թիվը չի գերազանցում 15 տոկոսը:

Սատարելով ՄըքՔեյնին` Վրաստանը հայտնվել է երկրների փոքր խմբում` Lաոսի, Կամբոջայի եւ Ֆիլիպինների հետ միասին: Հարցմանը մասնակցած մնացած բոլոր պետություններում առաջատարը Բարաք Օբաման է:

Դեմոկրատ թեկնածուն, ով խոստացել է ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, բավական մեծ ժողովրդականություն է վայելում նաեւ Թուրքիայում. այստեղ Օբամային իր աջակցությունն է հայտնել հարցվածների 22 տոկոսը:

ՄըքՔեյնի կողմնակիցների թիվը Թուրքիայում մոտ երեք անգամ պակաս է:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG