Մատչելիության հղումներ

Եվրամիության երկրները վերջնական համաձայնության են եկել blue card-ի թողարկման շուրջ


Եվրամիության երկրները վերջնական համաձայնության են եկել եվրոպական «գրին քարտի»` blue card-ի թողարկման շուրջ, որը հնարավորություն կտա զարգացող երկրների արհեստավարժ մասնագետներին պարզեցված կարգով կեցության եւ աշխատանքի իրավունք ստանալ եվրոպական ընտանիքում:

Ինչպես «Ռոյթերզ»-ին ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին միության անդամ 27 պետությունների նախարարները կստորագրեն համապատասխան համաձայնագիրը, ինչից 30 ամիս անց արդեն մեխանիզմը կսկսի աշխատել:

Նախագծի համաձայն` blue card-ը տրամադրվելու է առավելագույնը 4 տարի ժամկետով եւ հնարավորություն է տալու բարձրակարգ եւ արհեստավարժ մասնագետներին արագ կարգով աշխատանք գտնել Եվրամիության երկրներում, հեշտացնելու է ներգաղթյալների ընտանիքների միավորման գործընթացը, ինչպես նաեւ տրամադրելու է երկարաժամկետ կեցության ու աշխատանքի իրավունք:

Մյուս կողմից, այս ծրագրին կարող են դիմել միայն բարձրագույն կրթություն ունեցող մասնագետները, կամ նրանք, ովքեր 5 տարի շարունակ դրան համապատասխանող աշխատանք են կատարել տվյալ ոլորտում:

«Հին աշխարհը այժմ ստիպված է լուրջ պայքար մղել արհեստավարժ մասնագետների համար», - փաստում են փորձագետներն ու վկայակոչում վիճակագրությունը, որի համաձայն` ներկայումս Եվրամիություն ներգաղթողների միայն 2 տոկոսն են բարձրակարգ կրթությամբ, այն դեպքում, երբ Ավստրալիայում այդ ցուցանիշը հասնում է 10, Կանադայում` 7, Միացյալ Նահանգներում` մոտ 4 տոկոսի:

«Մենք բարձրակարգ մասնագետների կարիք ունենք, եթե ուզում ենք լինել մրցունակ, գիտելիքի հիման վրա կառուցված հասարակություն աշխարհում, եւ համոզված ենք, որ Եվրամիության անդամ երկրները կշահեն այս նախաձեռնությունից», - հայտարարում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Փորձագետները, սակայն, պնդում են, որ այս նախաձեռնությունը զիջում է ամերիկյան եւ կանադական նույնատիպ համակարգերին` նախ եւ առաջ այն իմաստով, որ հնարավորություն է տալիս աշխատանք գտնել եվրոպական միայն մեկ երկրում: Տվյալ երկրում 18 ամիս աշխատելուց հետո ներգաղթյալը կարող է տեղափոխվել եվրոպական մեկ այլ պետություն, սակայն այստեղ եւս ստիպված է պայքարել նույն blue card-ը ստանալու համար: Ընդ որում, նույն մասնագետին Ֆրանսիայում կարող է տրվել աշխատանքի ու կեցության իրավունք, հարեւան երկրում` մերժվել. թե ում, երբ եւ որքան blue card է տրամադրվելու, որոշելու են առանձին երկրների կառավարությունները, - ասվում է համաձայնագրում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG