Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանը տարածաշրջանի ամենաթույլ օղակներից է», - «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: Նրա գնահատմամբ` տարածաշրջանում «մի թվացյալ հանգստություն կա»: «Բայց դա շատ աղմկոտ լռություն է, որը երեւի թե բնական է, քանի որ ինձ թվում է՝ տարածաշրջանը նոր իրադարձությունների ու նոր սադրանքների շեմին է: Ու այդ իրադարձություններում, հասկանալի պատճառներով, կարող են նաեւ որոշակի դեր խաղալ Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապված հարցերը», - ասել է քաղաքագետը: - «Իսկապես՝ լուրջ իրավիճակ է, որն ինձ նաեւ վտանգավոր է թվում այն պատճառով, որ հիմնական ազդակները Հայաստանից չեն ու ոչ էլ Ղարաբաղից, այլ գերտերություններից (մենք ուղղակի խաղացողներից ենք): Ու տարածաշրջանի համեմատական կայունությունը կարծես թե ոչ բոլորին է ձեռնտու: Տարածաշրջանի` ներկայումս ծխացող հրաբուխը Ղարաբաղն է, որը յուրաքանչյուր պետություն եւ ուժ կփորձի օգտագործել իր շահերի համար»:

«168 ժամ»-ի տեղեկություններով, հանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելու` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը կապված է «քաղբանտարկյալների հնարավոր ազատ արձակման եւ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի ստեղծման հետ, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` նոյեմբերի կեսին Հայաստան կատարելիք այցով»: «Բանն այն է, որ իր նախորդ այցելության ժամանակ Համարբերգը ՀՀ իշխանությունների առջեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար վերջնաժամկետ է սահմանել: Համարբերգն ասել է, որ եթե մինչեւ իր հաջորդ այցը քաղբանտարկյալներն ազատության մեջ չլինեն, ապա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը չի սպասի մինչեւ ձմեռային նստաշրջան, հանդես կգա չափազանց խիստ դիրքորոշմամբ, եւ արդեն հունվարյան նստաշրջանում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն», - գրում է թերթը: - «Այսպիսով, իշխանությունները համաձայնել են մինչեւ հանձնակատարի այցն ազատ արձակել քաղբանտարկյալներին, պայմանով, որ նրանց ազատ արձակելու ժամանակաշրջանում հանրահավաքներ չեն լինի. իշխանությունները մտավախություն ունեն, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը կարող է նոր թափ հաղորդել համաժողովրդական շարժմանը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ակամա տպավորություն է ստեղծվում, թե մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի չորսամսյա գործունեության ողջ ընթացքում հանձնաժողովականների գերխնդիրը մեկն էր՝ հետեւողականորեն ցուցադրել սեփական «բացառիկությունը»։ Շրջանցելով խորքային հարցերը, հիմա էլ շարունակում են ճիգ ու ջանք թափել հատկապես «մարտի 1»-ի կազմակերպիչներին ապացուցելու իրենց անկողմնակալությունն ու ազնվությունը։ Այն դեպքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու զինակիցներն ի սկզբանե հայտարարել են, որ նման հանձնաժողով իրենց համար գոյություն չունի։ Բայց հանձնաժողովը չի հուսալքվում՝ հեղափոխականների աչքը մտնելու անդուլ փորձերը շարունակելով, ջանում է գոնե փոքր-ինչ մեղմել պետական հեղաշրջման ծրագիր իրականացնողների կոշտ վերաբերմունքը իրենց նկատմամբ»։ «Եթե հանձնաժողովը աչք մտնելու խնդիր չունենար, ի սկզբանե իր ուսումնասիրության հիմքում կդներ քաղաքացիական պատերազմի սանձազերծման վտանգի հնարավորությունը», - եզրակացնում է հոդվածագիրը:

«Խժռեք, խժռեք, ինքներդ ձեզ եք խժռում» վերնագրի ներքո «Ազգ»-ը անդրադարձել է Ավանի, Ավան-Առինջի եւ Առինջ գյուղի արանքում Տիգրանակերտի հասակակից մի դամբարանադաշտի խնդրին: «Դամբարանադաշտի մի հատվածի խժռումը սկսվել էր դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք», - տեղեկացնում է հոդվածի հեղինակը, - «Հնագետները աղմուկ բարձրացրին, ցանկապատել տվեցին, սակայն այս բացառիկ համեղ պատառից դրա վրա աչք ունեցողները չէին ուզում ձեռք քաշել: Ու չնայած այստեղ բացվել ու հենց գետնի մակերեսին մոտիկ էին երկուհազարամյա բնակավայրի վկայություն-հնագիտական արժեքները, այդ տարածքները կտոր-կտոր վաճառվում էին: Հնագետ Արա Դեմիրխանյանի երազանքը` պեղումները շարունակելու, այստեղ բաց երկնքի տակ թանգարան ստեղծելու վերաբերյալ, անկատար մնաց նաեւ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Նրան ուղղված նամակն անպատասխան մնաց, իսկ տարածքն էլ ավելի արագությամբ շարունակեցին խժռել` հնագույն հուշարձանների վրա ժամանակակից անճաշակ պալատներ սարքելով: Իսկ հիմա, Սերժ Սարգսյանի օրոք արդեն, շինարարական 5 մետրանոց աղբի տակ են մնում հնավայրի վերջին մետրերը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG