Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «Մարտի 1»-ի հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելով որեւէ խնդիր չի լուծվելու»


Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելով որեւէ խնդիր չի լուծվելու, հանձնաժողովը առաջիկայում էլ չի կարողանալու պատասխանել մի շարք կարեւորագույն հարցերի, քանի որ համապատասխան լիազորություններ չունի: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
«Հանձնաժողովը ի սկզբանե չէր կարողանալու պարտադրանքով պարզաբանումներ տալու կանչել Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ եւ գործող նախագահներին: Չէ՞ որ իրադարձությունները, ըստ էության, ծավալվում էին նրանց շուրջ: Ո՞վ իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում հրաման արձակելու, որ կրակ բացեն: Սահմանադրությունը այդ բացառիկ լիազորությունը տալիս է հանրապետության նախագահին: Արդյո՞ք մեր հանրապետությունը այնքան թույլ իրավապահ կառույց ունի, որ ցանկացած ոստիկան երբ ուզի` կրակ կբացի», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը` եզրակացնելով. - «Սրանք կարեւորագույն խնդիրներ են, որոնք հանձնաժողովը մինչեւ հիմա չի քննարկել եւ չէր կարող քննարկել, որովհետեւ իր լիազորությունների շրջանակում չէ»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ արձագանքեց երեկ խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամների կողմից «Ժառանգության» հասցեին հնչեցված սուր քննադատություններին: Նրա խոսքերով, եթե հանձնաժողովն իսկապես ուզում էր իմանալ` ինչ էր կատարվել մարտի 1-ին, ապա ինչո՞ւ մինչեւ այժմ չի կանչել եւ որեւէ հարց չի ուղղել «Ժառանգության» պատգամավորներին, որոնք ներկա են գտնվել մարտի 1-ի իրադարձություններին. - «Պետք է խոսել փաստերով, եւ փաստը այն է, որ «Ժառանգության» որեւէ պատգամավորի չեն կանչել: «Ժառանգությանը» միշտ էլ հետաքրքրել են խնդիրների ամբողջ ծավալը եւ բացահայտումների ամբողջ ծավալը»:

«Մարտի 1»-ի հանձնաժողովի գործունեությունը երկարաձգելու հարցով երեկվա քննարկումների ժամանակ պատգամավորները քննադատության ենթարկեցին ոչ միայն ընդդիմությանը, այլեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` հանձնաժողովի նիստերին չմասնակցելու համար: Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արմեն Հարությունյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչո՞վ կարող էր իր ներկայությունը օգնել հանձնաժողովականներին, հատկապես որ օմբուդսմենի մշտական ներկայացուցիչը այդ նիստերին մասնակցել է:

«Որ հարցով ինձ հանձնաժողովը դիմել է, կամ որեւէ խնդիր, որ կարծել եմ, որ հանձնաժողովին հետաքրքիր կլինի, ես ներկայացրել եմ իրենց», - ասաց մարդու իրավունքների պաշտպանը: - «Այդ իսկ պատճառով` չեմ կարող բացատրել, թե քննադատության իմաստը որն էր»:

Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ իր հետ արդեն պաշտոնական բանակցություններ են տեղի ունեցել ստեղծվելիք փաստահավաք խմբի վերաբերյալ. - «Նախագահի ներկայացուցիչներն են բանակցել, որովհետեւ դա նախագահի նախաձեռնությունն է եղել: Այդ ձեւաչափը ես ողջունում եմ, ընդունելի եմ համարել: Իմ կողմից էլ է այնտեղ փորձագետ լինելու, որը իրենց հետ միասին աշխատելու է»:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը փաստահավաք խմբի հետ կապված որեւէ առաջարկ առայժմ չեն ստացել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG