Մատչելիության հղումներ

Բրյուսելյան համաժողովի մասնակիցները ավելի քան 4,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրեն Վրաստանին


Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ միջազգային այլ դոնորներ այսօր Բրյուսելում կայացած համաժողովում խոստացել են 4,55 միլիարդ դոլար տրամադրել Վրաստանին` օգոստոսյան հնգօրյա պատերազմի հետեւանքները վերացնելու համար: Գումարը հատկացվելու է առաջիկա երեք տարիներին:

«3,7 միլիարդ դոլարը կտրամադրվի հանրային ծախսերին, 850 միլիոնը` մասնավոր սեկտորին», - 67 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած համաժողովին հաջորդած ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները` հավելելով. - «Սա շատ ավելին է, քան մենք էինք ձգտում»:

Սեպտեմբերին Վրաստանում անցկացված հետազոտության արդյունքում Համաշխարհային բանկի փորձագետները եզրակացրել էին, որ հատկացվելիք օգնության ծավալը պետք է կազմի շուրջ 3,25 միլիարդ դոլար:

Միացյալ Նահանգները խոստացել է ամենախոշոր օգնությունը` 1 միլիարդ դոլար, Եվրամիությունը նախատեսում է Վրաստանին տրամադրել 500 միլիոն եվրո, Ճապոնիան` 200 միլիոն դոլար, Գերմանիան` 69 միլիոն եվրո, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է նախկինում հայտարարվածը` 35 միլիոն եվրո:

Միջազգային հանրության կողմից հատկացվելիք միջոցները նախատեսվում է ծախսել սոցիալական խնդիրների լուծման եւ պատերազմից տուժած ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG