Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Կրթություն եւ կարիերա Expo 2008» 9-րդ միջազգային ցուցահանդեսը


Այս տարի ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցում են նաեւ ավագ դպրոցներն ու նախադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպությունները:

Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Լոգոս էքսպո» կենտրոնի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը նշեց, որ ցուցահանդեսը տալիս է իր արդյունքը, քանի որ իրենք ամեն տարի նախատեսում են այցելություն 30-40 դպրոց. - «Դպրոցների թիվն այնքան էլ չի գոհացնում մեզ, քանի որ տնօրեններին չի հետաքրքրում աշակերտների մասնագիտական կողմնորոշումը: Կենտրոնը շատ հաճախ նույնիսկ անվճար տրանսպորտ է տրամադրում, սակայն դա էլ չի օգնում»:

Կրթության եւ գիտության նախարարության միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Արտակ Աղբալյանի խոսքով` երբ Հայաստանում ասում են կրթություն, շատերը պատկերացնում են միայն դպրոցն ու բուհը եւ մոռանում են նախադպրոցական կրթության, ինչպես նաեւ քոլեջների մասին:

«Ամենաշատն այսօր գովազդի կարիք ունեն քոլեջները, սակայն այսպիսի ցուցահանդեսներին շատ քիչ են մասնակցում», - ավելացրեց նա:

Ցուցահանդեսին մասնակցում է ընդամենը մեկ միջին մասնագիտական կրթական հաստատություն:

Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօեն Հրաչյա Հակոբջանյանի խոսքով` տնօրենները չմասնակցելու համար ունեն իրենց պատճառները. - «Հիմնականում, քոլեջների տնօրենները դժգոհում են, որ զրկված են պետական աջակցությունից եւ իրենց բյուջեն ձեւավորում են սեփական միջոցներով, որոնց սղությունը թույլ չի տալիս մասնակցել նման ցուցահանդեսների»:

Ցուցահանդեսը համարվում է միջազգային, սակայն կա արտասահմանյան մեկ կազմակերպություն: Հունաստանից ժամանած «Գլոբալ կրթության ալյանս»-ի ներկայացուցիչ Իրինա Գեորգեւան նշեց, որ Հայաստան են եկել` աշակերտներին առաջարկելու սովորել իրենց դպրոցներում:

«Մեզ մոտ կրթությունն, իհարկե, վճարով է, դեռ չեմ հասցրել ուսումնասիրել հայկական շուկան, վարձավճարները: Պետք է շատ լուրջ զբաղվել դրանով, որպեսզի հասկանանք` արդարացվա՞ծ է արդյոք մեր այցը, սակայն եթե մի քանի աշակերտ հետաքրքրվի եւ ցանկություն հայտնի սովորելու, դա արդեն մեծ ձեռքբերում կլինի մեզ համար», - ասաց նա:

Ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, որը աշակերտներին է ներկայացնում բուհերի ընդունելության քննությունների թեստերի պատրաստման ընթացքը, փոքրիկ ֆիլմեր, ինչպես նաեւ նոր տպագրված ֆիզիկայի ուղեցույցը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 24-ը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG