Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի փորձագետները առաջարկում են Վրաստանին հատկացնել մոտ 2,4 միլիոն եվրո


Օգոստոսյան հնգօրյա պատերազմի հետեւանքները վերացնելու համար առաջիկա երեք տարիներին Վրաստանին պետք է հատկացվի 2 միլիարդ 380 միլիոն եվրո: Այս եզրակացությանն են հանգել Համաշխարհային բանկի փորձագետները սեպտեմբերին Վրաստանում անցկացված հետազոտության արդյունքում:

Նրանց զեկույցը հրապարակվեց օրերս` ֆինանսական դոնորների բրյուսելյան համաժողովի շեմին:

Այսօր մեկնարկող համաժողովը նախաձեռնել են Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը: Քննարկումներին մասնակցելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիեգո Կացուն: Համաժողովին կմասնակցեն նաեւ Եվրամիության նախագահող պետության` Ֆրանսիայի, եւ հունվարի 1-ից Եվրամիության նախագահությունը ստանձնող Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Վրացական պատվիրակությունը կղեկավարի վարչապետ Lադո Գուրգենիձեն:

Ընդհանուր առմամբ, Վրաստանին միջազգային հանրության կողմից հատկացվելիք գումարը պետք է ծախսվի երկու ուղղությամբ` սոցիալական խնդիրների լուծում եւ պատերազմից տուժած ենթակառուցվածքների վերականգնում:

Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների շրջանում, սակայն, արդեն իսկ որոշակի մտահոգություն կա` կապված նման մեծ գումարների ծախսման հետ:

Այսպես, բրյուսելյան համաժողովի շեմին Transparency International կազմակերպության Վրաստանի մասնաճյուղը հանդես եկավ հայտարարությամբ` պահանջելով ապահովել Վրաստանին հատկացվելիք գումարների ծախսման լիակատար թափանցիկությունը:

«Չնայած մեր բոլոր պահանջներին` Վրաստանի կառավարությունը շարունակում է գաղտնի պահել, թե ինչպես են ծախսվելու ֆինանսական դոնորների կողմից հատկացվելիք գումարները», - նշում են Transparency International-ի փորձագետները` մանրամասնելով. - «Բացարձակապես պարզ չէ, թե 700 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլարը, որ հատկացվելու է սոցիալական կարիքների բավարարմանը, հատկապես որ ոլորտներում է ծախսվելու»:

Այդուհանդերձ, Վրաստանի կառավարությունը խոստանում է այս բոլոր հարցերի պատասխանները տալ առաջիկայում, երբ դրամահավաքը ավարտին մոտենա:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG